Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պատրաստ են դիմակայելու հյուսիսից հնարավոր ագրեսիայի


Արտգործնախարար Քերի. «Վաշինգտոնն ու դաշնակիցներին հնարավոր չէ հանկարծակիի բերել»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն ու իր դաշնակիցներին՝ արձագանքելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջուն Ունի սպառնալիքներին, որոնք Քերին «սադրիչ, վտանգավոր և անմիտ» է անվանել:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քերին հանդես է եկել Հարավային Կորեայի իր գործընկեր Յւն Բյունգ-սեի հետ անցկացված հանդիպումից հետո:

Արտգործնախարար Քերին ասել է, որ Վաշինգտոնն ու դաշնակիցներին «հնարավոր չէ հանկարծակիի բերել»:

«Միացյալ Նահանգները կդիմի անհրաժեշտ բոլոր գործողությունների՝ պաշտպանելու համար իրեն և իր դաշնակիցներին Կորեայում և Ճապոնիայում: Մենք ամբողջովին պատրաստ և ունակ ենք նման պաշտպանություն ապահովելուն: Կարծում եմ՝ Կորեայի ժողովրդական ժողովրդավարական հանրապետությունում հասկանում են սա», - ասել է Քերին:

Հարավային Կորեայի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Սեուլն ու Վաշինգտոնը միասնական են՝ բոլոր վտանգներին դիմակայելու վճռականության մեջ:

«Արտգործնախարար Քերին և ես կարծում ենք, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իր միջուկային հավակնությունները և ռազմատենչ հռետորաբանությունը», - ասել է Հարավային Կորեայի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG