Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը քննարկել է Սիրիայի խնդիրը Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերների հետ


«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգների միջև Սիրիայի հարցով պահպանվում են ամենանշանակալից տարաձայնությունները»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, թե Սիրիայի շուրջ նախատեսված խաղաղության բանակցությունների անցկացումն այժմ հետաձգվել է մինչև օգոստոս ամիսը:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քերին հանդես է եկել Թուրքիայի և Ռուսաստանի իր գործընկերներ Ահմեթ Դավութօղլուի և Սերգեյ Լավրովի հետ Բրունեյում անցկացվող Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների գագաթաժողովի շրջանակներում երեքշաբթի օր առանձին հանդիպումներ անցկացնելուց հետո:

Քերիի համաձայն, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգների միջև Սիրիայի հարցով պահպանվում են ամենանշանակալից տարաձայնությունները, սակայն երկու պետությունն էլ այժմ շատ լուրջ են վերաբերվում և պարտավորություն են ստանձնել այդ երկրում չդադարող հակամարտության երկու կողմերին ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների սեղան բերելու հարցին:

«Մեր պետություններն ունեն զգալի ազդեցություն գործելու հնարավորություն, եթե մենք կարողանանք համախմբել այդ ուղղությամբ իրականացվող մեր ջանքերը», - ասել է Քերին՝ հավելելով. «Այն, ինչ ինձ պարզ է դարձել այս հանդիպման արդյունքում և այն, ինչ մենք ցանկանում էինք հաստատել, դա լրջության մակարդակն ու նման քայլերի դիմելու կարողությունն էր»:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Ժնևում նախատեսվող բանակցությունների հաջողությունը կախված է փոխադարձ համաձայնությամբ ստեղծված կառավարություն ստեղծելուց, որին, անկախ երկրում տիրող ռազմական իրավիճակից, կփոխանցվի ամբողջական իշխանությունը:

«Անկախ այն բանից, թե ավելի մեծ հաջողությունների կհասնի Ասադի վարչակարգը, թե ապստամբները, որոշիչ չէ արդյունքի համար, քանի որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ժամանակավոր կառավարություն: Այդ իսկ պատճառով այդքան կարևոր են Ժնևյան բանակցությունները», - նշել է Քերին՝ ասելով նաև, որ ինքն ու Լավրովը համամիտ են այն կարծիքի հետ, որ Սիրիայում ռազմական որևէ հաղթանակ չի կարող ապահովել այդ երկրի միասնությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է նաև, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում ինքը բարձրացրել է Մոսկվայի օդանավակայաններից մեկում գտնվող ԿՀՎ-ի նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի խնդիրը: Քերիի համաձայն, Սնոուդենի հարցը «ներառված չէր Լավրովի պորտֆոլիոյի մեջ», այնպես որ այս հարցի քննարկումը նշանակալի որևէ արդյունքի չի բերել, սակայն Քերին տեղեկացրել է Ռուսաստանի իր գործընկերոջը, թե այս հարցն ինչպիսի տեղ է գրավում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ անցկացված բանակցությունների ընթացքում Քերին հիմնականում կենտրոնացել էր Ասադի դեմ հանդես եկող ուժերը հզորացնելու, ինչպես նաև քաղաքական պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակչությանը մարդասիրական օժանդակությունն ընդլայնելու հարցերին: Քերին և Դավութօղլուն անհանգստություն են արտահայտել Ասադին հավատարիմ ուժերի կողմից Հոմս քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների դեմ ուղղված հարձակումներով, որոնք Միացյալ Նահանգները գնահատում է որպես «Սիրիայում «Հեզբոլլահ»-ի շարունակվող բռնի և ապակայունացնող միջամտություն»:
XS
SM
MD
LG