Մատչելի հղումներ

Սնոուդենի շուրջ բանակցություններ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների միջև


Պուտինի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանը չի նախատեսում փոխանցել Սնոուդենին Միացյալ Նահանգների իշխանություններին

«Ռուսաստանի անվտանգության գործակալությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի գործընկերների հետ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող, գաղտնի տեղեկությունները հրապարակած Էդվարդ Սնոուդենի շուրջ»:

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը, որի համաձայն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բանակցում է ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ:

Պուտինի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանը չի նախատեսում փոխանցել Սնոուդենին Միացյալ Նահանգների իշխանություններին, սակայն որևէ այլ տեղեկություն չի տրամադրել:

ԱՄՆ-ի Սենատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը նախօրեին միաձայն ընդունված որոշմամբ կողմ է քվեարկել առևտրային կամ այլ տեսակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի կամ ցանկացած այլ պետության դեմ, որը քաղաքական ապաստան կտրամադրի Էդվարդ Սնոուդենին:

Միացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են ձերբակալել Սնոուդենին և մեղադրել են վերջինիս երկրում իրականացվող հետախուզական ծրագրի գաղտնիքները բացահայտելու մեջ: ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը դեռևս հունիսի 23-ին էր ժամանել Մոսկվա Հոնկոնգից, ուր փախուստի էր դիմել՝ խուսափելով Միացյալ Նահանգներում կալանավորվելուց և դատարանի առջև կանգնելուց:

Լատինական Ամերիկայի ձախամետ երեք պետություն՝ Վերեսուելան, Բոլիվիան և Նիկարագուան, քաղաքական ապաստան են առաջարկել Սնոուդենին, որը սակայն չի կարողանում լքել «Շերեմետևո»-ի տարանցման գոտին, քանի որ Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել նրա անձնագիրը:
XS
SM
MD
LG