Ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ընկերություններին միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ համատեղ մշակելու հնարավորություն ընձեռող պայմանագիրը:
Պայմանագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել երեքշաբթի օրը` Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայերլիի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի միջև Մոսկվայում կայացած դիվանագիտական նոտաների փոխանակման արարողությունից հետո:
Պայմանագիրը հնարավոր է դարձրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային տեխնոլոգիաների, սարքավորումների և այլ նյութերի փոխանակումը:
Բայերլիի համաձայն, պայմանագիրը ստեղծելու է առևտրային նոր հնարավորություններ և բերելու է աշխարհում միջուկային զենքի տարածման դեմ պայքարելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաների զարգացմանը:
Այս պայմանագիրը դեռևս 2008 թվականին ստորագրել էր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, սակայն Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած պատերազմի պատճառով դրա քննարկումը հետաձգվել էր:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ տարի վերսկսել էր աշխատանքները պայմանագրի վրա, որն անցյալ ամիս արժանացել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի հավանությանը: