Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայում երկարատև հակամարտության»


Հորդանանում ԱՄՆ-ի զինծառայողների ընդհանուր թիվը չի անցնի թույլատրված 250 զինծառայողից

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Հորդանան ուղարկելով լրացուցիչ ուժեր, ազդանշել է այն մասին, որ ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում՝ նախապատրաստվելու համար Սիրիայում քաղաքացիական երկարատև հակամարտության:

Միացյալ Նահանգների ռազմական ոլորտի փորձագետներն արդեն իսկ աշխատում են Հորդանանում՝ ապահովելով վերապատրաստություն այդ երկրի զինծառայողներին՝ Սիրիայում տեղի ունեցող բռնությունները Հորդանանի տարածք անցումը կանխարգելելու նպատակով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելհ հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, որ Հորդանանում գտնվող Միացյալ Նահանգների խորհրդատուներից բացի այդ երկիրը նախատեսվում է ուղարկել «գլխավոր շտաբի որոշ տարրեր»: Այս ծրագրերը Հորդանանում Միացյալ Նահանգների մշտական ներկայություն հաստատելու նպատակ են հետապնդում՝ ապահովելու համար պատրաստվածությունը զարգացումների տարբեր սցենարներին:

Պենտագոնի պաշտոնյաների համաձայն, Հորդանանում ծառայություն անցնող զինծառայողները կփոխարինվեն նոր զինծառայողներով, սակայն Հորդանանում ԱՄՆ-ի զինծառայողների ընդհանուր թիվը չի անցնի թույլատրված 250 զինծառայողից:

Հորդանան հերթափոխային ծառայության կուղարկվեն Տեխաս նահանգի «Ֆորտ Բլիս» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերի Զրահատեխնիկայի առաջին դիվիզիայի զինծառայողները: Դիվիզիան ունի քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներին արձագանքելու, մարդասիրական օգնության աշխատանքներ կատարելու և «կայունացման գործողություններ» իրականացնելու կարողություններ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ զգուշացրել է Միացյալ Նահանգներն և ԱՄՆ-ի դաշնակիցներին այն մասին, թե նրանք «թանկ կվճարեն» «ալ-Քաիդա»-ի աջակցությունը վայելող Սիրիայի ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար: Նախագահ Ասադը, որը խոստացել է չհանձնվել, այնուամենայնիվ չի մանրամասնել իր մեղադրանքները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն այս շաբաթ այնուամենայնիվ առաջին անգամ կարծիք են հայտնել, որ Սիրիայում չդադարող հակամարտությունը կարող է փակուղի մտնել:
XS
SM
MD
LG