Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարգադրել է էվակուացնել Եմենում դեսպանության անձնակազմը


Ամերիկացիներին հորդորել են լքել Եմենը «ահաբեկչական հարձակումներին և քաղաքացիական խռովությունների չափազանց բարձր հնարավորության պատճառով»

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը Եմենում ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով կարգադրել է էվակուացնել այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանատան օժանդակ անձնակազմը:

Արտգործնախարարության կողմից երեքշաբթի օրը հրապարակված հայտարարությունը, բացի այդ, հորդորել է Եմենում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին լքել երկիրը՝ ահաբեկչական հարձակումներին և քաղաքացիական խռովությունների «չափազանց բարձր հնարավորության պատճառով»:

Մեծ Բրիտանիան անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով ժամանակավոր դուրս է բերել Եմենում իր դեսպանության ողջ անձնակազմը:

Միացյալ Նահանգների լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունների փակման պատճառ էր դարձել «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահրիի և Եմենում ահաբեկչական այս խմբավորման մասնաճյուղի առաջնորդի միջև գաղտնալսված խոսակցությունը: Հաղորդագրությունների համաձայն, ալ-Զավահրին կարգադրել էր «Արաբական թերակղզում «ալ-Քաիդա»-ի» առաջնորդ Նասիր ալ-Վուհայաշինն իրականացնել հարձակումներ, և այս կարգադրությունը պետք է ի կատար ածվեր դեռևս անցյալ կիրակի:

Նասիր ալ-Վուհայաշիի դիրքերը «ալ-Քաիդա»-ի կազմի մեջ վերջերս ամրապնդվել են, քանի որ ալ-Զավահրին «ալ-Քաիդա»-ի երկրորդ գլխավոր հրամանատար է նշանակել նրան:

Վերլուծաբանների համաձայն, ալ-Զավահրին այժմ աշխատում է «ալ-Քաիդա»-ի տարածաշրջանային մասնաճյուղերի միջոցով, քանի որ ահաբեկչական այս կազմակերպության հիմնական խմբին հասցվել են հուժկու հարվածներ՝ զգալիորեն թուլացնելով վերջինը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, «մեծ զգուշություն ցուցաբերելու պատճառով» դեռևս փակ է մնում ԱՄՆ-ի 19 դեսպանատուն: Արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆին ասել է, որ իշխանությունները կշարունակեն վերլուծել հետախուզական տվյալները և գնահատել անվտանգության ապահովման կարիքները:
XS
SM
MD
LG