Մատչելի հղումներ

Սնոուդենի բացահայտումների հետևանքով ԱՄՆ-ի հետախուզական ծրագրերը խորը փոփոխությունների են ենթարկվել


ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփեր (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփեր (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը կրկին հորդորել է Սնոուդենին և վերջինիս աջակցություն ցուցաբերող բոլոր անձանց վերադարձնել առևանգված և դեռևս չհրապարակված բոլոր փաստաթղթերը

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ծառայության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնի բազմաթիվ նյութերի հրապարակումը վտանգի է ենթարկել արտերկրում ծառայություն անցնող ԱՄՆ-ի զինված ուժերի և պետական մարմինների բազմաթիվ ծառայողների:

Այս մասին հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտնել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության գծով հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացված լսումների ընթացքում:

Պաշտպանական հետախուզական գործակալության ղեկավար Մայքլ Ֆլինը, հանդես գալով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի առջև, ասել է, որ ներկայում Ռուսաստանում բնակվող Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնի նյութերի հրապարակումը վտանգել է ԱՄՆ-ի հետախուզական մարմինների ծառայողների կյանքը, և որ Պենտագոնը ստիպված է եղել փոփոխություններ իրականացնել իր ծրագրերում:

«Կարծում ենք՝ նա վերցրել է, առևանգել այն ամենը, ինչ եղել էր նրա հասանելիության սահմաններում: Այսպիսով, մենք քննարկում ենք վատագույն սցենարը պաշտպանության նախարարության կողմից ամբողջ աշխարհում իրականացվող գործողությունները, իրադարձությունները և վարժանքները վերանայելիս», - ասել է Պաշտպանական հետախուզական գործակալության ղեկավարը:

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը լսումների ժամանակ կրկին հորդորել է Սնոուդենին և վերջինիս աջակցություն ցուցաբերող բոլոր անձանց վերադարձնել առևանգված և դեռևս չհրապարակված բոլոր փաստաթղթերը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի լսումների ընթացքում օրենսդիրներից մի քանիսը հարցեր են ներկայացրել Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված հնարավոր սպառնալիքների մասին:

ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենի համաձայն, իր գլխավորած կազմակերպությունը ներկայում «հետևում է արժանահավատության տարբեր աստիճանների մի քանի վտանգների»:

«Մենք ակնկալում էինք նման վտանգները, որոնք ձևավորվել էին նաև օլիմպիական նախորդ խաղերի և նախկինում անցկացված նման միջոցառումների մեկնարկի ժամանակի մոտենալուն պես», - ասել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը, որը «լավ» է գնահատել օլիմպիական խաղերի անցկացմանը սպառնացող վտանգների շուրջ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ իրականացվող համագործակցությունը:
XS
SM
MD
LG