Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի զինված ուժերը ներկայացրել է հնարավոր հարձակման նպատակները


ԱՄՆ-ը նպատակ կհետապնդի թուլացնելու Սիրիայի կառավարական ուժերի պաշտպանական կարողություններն այնքանով, որ դա ի վերջո բերի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացման՝ բանակցությունների արդյունքում

Միացյալ Նահանգների զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը, ռազմանավերը և ռազմական այլ տեխնիկան մարտական դիրքերի արդեն իսկ հանած պայմաններում, հայտնել է հնարավոր հարձակման դեպքում իրենց առջև կանգնած նպատակների մասին:

Ըստ ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիի, Միացյալ Նահանգները նպատակ կհետապնդի թուլացնելու Սիրիայի կառավարական ուժերի պաշտպանական կարողություններն այնքանով, որ դա ի վերջո բերի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացման՝ բանակցությունների արդյունքում:

Գեներալ Դեմփսին ԱՄՆ-ի սենատորներին հայտնել է, թե որպես առաջին քայլ կիրականացվի համաչափ և սահմանափակ հարված, որը կկատարվի իր հրամանատարությամբ՝ «զսպելու, այսինքն՝ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Սիրիայի վարչակարգի հաշվարկները փոխելու նպատակով»:

Նման արդյունքի հասնելու համար ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են կիրառել «Տոմահավկ» տեսակի հրթիռներ: Միջերկրական ծովի արևելյան շրջանում այժմ գտնվող ամերիկյան ռազմանավերից յուրաքանչյուրի վրա տեղադրված է նման մոտ 40 հրթիռ:

ԱՄՆ-ի վարչակազմն այժմ բացառում է ռազմական ավելի լայն գործողություններին ներգրավված լինելը: Փորձագետները սակայն նշում են, որ առաջին հրթիռն արձակելուց հետո Միացյալ Նահանգները կդառնա Սիրիայի քաղաքական պատերազմի մասնակից, և այս դեպքում հակամարտությանը ներգրավված չլինելու մասին խոստումը դժվար կլինի պահել:
XS
SM
MD
LG