Ուսումնասիրության նոր հրապարակված արդյունքների համաձայն, հետզհետե ավելի մեծ թիվ են կազմում այն ամերիկացիները, ովքեր կարծում են, որ ամուսնությունը հնացած երևույթ է:
«Փյու» հետազոտական կենտրոնն ու «Թայմ» ամսագիրը հայտնել են, որ տասը ամերիկացիներից չորսը` այսինքն, 39 տոկոսը կարծում են, թե ժամանակակից հասարակությունում ամուսնանալ այլևս անհրաժեշտ չէ:
«Թայմ»-ը հաղորդում է, որ 1978 թվականին վերջին անգամ անցկացված հարցման ժամանակ, երբ ամերիկացիներին տրվել էր ամուսնության հնացած լինելու մասին հարցը, դրական էր պատասխանել հարցման մասնակիցների միայն 28 տոկոսը:
Հետազոտության համաձայն, ավելի ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներն ունեն ամուսնանալու ավելի քիչ հավանականություն, քան բարձրագույն կրթություն և բարձր եկամուտ ունեցողները, չնայած ամուսնությունների թիվը նվազում է ԱՄՆ-ի բնակչության սոցիալական և տնտեսական բոլոր խմբերում:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս նաև, որ ամուսնության վերաբերյալ կարծիքների մեջ տեղի ունեցած փոփոխությունն ազդեցություն է ունեցել նաև ամերիկյան ընտանիքների վրա: Այժմ երեք երեխաներից մեկը ապրում է մեկ ծնող կամ չամուսնացած ծնողներ ունեցող ընտանիքում:
Այնուամենայնիվ, հարցման մասնակիցները հայտնել են, որ իրենք ավելի լավատեսորեն են տրամադրված ԱՄՆ-ում ամուսնության և ընտանիքի, քան երկրի տնտեսության և կրթական համակարգի ապագայի նկատմամբ: