Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը


Ամերիկացիները երկուշաբթի օրը հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմներում զոհված զինվորների հիշատակին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս օրը նախատեսում է հարգանքի տուրք մատուցել՝ անցկացնելով Հիշատակի օրը վետերանների և նրանց ընտանիքների հետ:

Նախագահ Օբաման կայցելի Վիետնամի պատերազմի հուշահամալիրը, ինչպես նաև երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Առլինգտոնի ազգային գերեզմանատունը:

Առլինգտոնի ազգային գերեզմանատանը, ինչպես նաև ազգային այլ գերեզմանատներում կամավորականներն ամերիկյան փոքր դրոշներ են տեղադրում յուրաքանչյուր գերեզմանին։

Բարաք Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում նշել է, որ այս օրն այն ժամանակն է, երբ երկիրը հարգանքի տուրք է մատուցում ամենամեծ զոհաբերությունն՝ իրենց կյանքը տվածներին, ինչպես նաև վերահաստատում է տուն վերադարձածների նկատմամբ հոգատար լինելու պատրաստակամությունը:

Երկրի տարբեր հատվածներում անցկացվում են հիշատակի արարողություններ, շքերթներ և մարզական միջոցառումներ։

Հիշատակի օրը շատերը արձակուրդ են գնում: Այս օրվան նախորդող հանգստյան օրերը համարվում են ամառային արձակուրդների ոչ պաշտոնական սկիզբը։ Որոշ ամերիկացիներ մտահոգություն են հայտնում այն հանգամանքով, որ հանգուցյալների հիշատակը հարգելու փոխարեն Հիշատակի օրը գնալով նմանվում է ամառային զվարճանքներին նվիրված տոնի։

Այս տարի արձակուրդներ անցկացնելու շատերի ծրագրերի վրա սակայն ազդեցություն է գործել եղանակը: Վաշինգտոնում գտնվող Ազգային զբոսայգում կիրակի օրը համերգի անցկացման ծրագրերը խախտվել են ամպրոպի հետևանքով:

XS
SM
MD
LG