Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ճապոնիան համաձայնվել են Օկինավայից դուրս բերել ծովային հետևակի մոտ 9 հազար զինծառայող


Ցույց ԱՄՆ-ի ծովային հետևակի ռազմաբազայի մոտ (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան ձեռք են բերել Օկինավա կղզում ծառայությունն անցնող ԱՄՆ-ի ծովային հետևակի մոտ 9 հազար զինծառայողի երկրի տարածքից դուրս բերելու համաձայնություն:

Երկու պետությունների միջև համաձայնությունը ձեռք է բերվել կղզու բնակիչների կողմից բազում տարիներ շարունակվող բողոքի ցույցերից հետո: Օկինավայի բնակիչները մեղադրում են ծովային հետևակի ծառայողներին հանցագործություններ կատարելու, աղմուկի պատճառ լինելու և վատ վարք դրսևորելու մեջ:

ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունների կողմից պայմանավորվածության ձեռքբերումը հնարավոր է դարձել երկար տարիների բանակցություններ վարելուց հետո, որոնք վիճահարույց են համարվել երկու պետություններում:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան «կարևոր» է գնահատել այս համաձայնագիրը, իսկ Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը հայտնել է, թե պայմանավորվածությունն իրականացվում է պաշտպանության նոր ռազմավարության շրջանակներում, որի համաձայն նախատեսվում է առավել մեծ ուշադրություն դարձնել ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:

Պայմանավորվածությամբ զինծառայողների նախատեսված դուրսբերումից հետո Օկինավայում դեռևս կմնա մոտ 10 հազար ծովային հետևակային: Բացի դրանից, դեռևս ձեռք չի բերվել կղզու բնակիչների բողոքների առարկան՝ «Ֆութենմա» ռազմաօդային բազան փակելու մասին որևէ պայմանավորվածություն:

Միացյալ Նահանգները, համաձայն Ճապոնիայի հետ 1960 թվականին ստորագրված պայմանագրի, երկրում պահպանում է մոտ 50 հազար զինծառայողի ներկայությունը:

Օկինավայում ԱՄՆ-ի զորքերի ներկայության դեմ բողոքի ցույցերը սկսվել են 1985 թվականից, երբ ԱՄՆ-ի մի քանի զինծառայողի կողմից կատարված բռնաբարության զոհ էր դարձել դպրոցական տարիքի մի աղջիկ:

XS
SM
MD
LG