Մատչելի հղումներ

Օբաման և Մալիքին բացել են Իրաքի պատմության «նոր գլուխն՝ առանց ԱՄՆ-ի զինուժի ներկայության»


Օբաման և Մալիքին բացել են Իրաքի պատմության «նոր գլուխն՝ առանց ԱՄՆ-ի զինուժի ներկայության»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին ասել են, որ իրենց պետությունները պահպանելու են անվտանգության, դիվանագիտական և տնտեսական ոլորտում ամուր հարաբերությունները նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ռազմական վերջին ստորաբաժանումները դուրս բերվեն Իրաքից այս տարվա վերջին:

ԱՄՆ-ի ռազմական վերջին ստորաբաժանումը դուրս է բերվելու Իրաքից երեք շաբաթից պակաս ժամանակում, և Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելուց մոտ ինքը տարի անց ԱՄՆ-ի նախագահ Օբաման և Իրաքի վարչապետ Մալիքին բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև ապագա հարաբերությունները:

2008 թվականի նախընտրական իր արշավի ժամանակ նախագահ Օբաման պարտավորություն է ստանձնել ավարտի հասցնել ԱՄՆ-ի պատմության մեջ քաղաքական ամենաթեժ պայքարի պատճառը դարձած պատերազմներից մեկը, որը մեկնարկել է հանրապետական իր իրավանախորդ Ջորջ Բուշի պաշտոնավարման օրոք:

Իրաքի վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման ասել է, թե կատարել է իր խոստումը և շեշտել, որ այժմ, երբ Իրաքը պատասխանատվություն է կրում իր անվտանգությունն ապահովելու համար, Միացյալ Նահանգների պատասխանատվությունն այս երկրում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նկատմամբ չի նվազի:

«Մենք շատ արյուն ու միջոցներ ենք ներդրել Իրաքում, և այժմ ցանկանում ենք համոզված լինել, որ նույնիսկ երբ մեր զորամիավորումները դուրս գան, Իրաքում և ԱՄՆ-ում բոլորը հասկանան, որ միշտ պարտավորված կլինենք նպաստելու, որպեսզի Իրաքում առաջընթաց գրանցվի», - ասել է նախագահ Օբաման:

Իրաքի վարչապետն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումների դուրսբերումը նշանավորում է երկու պետությունների միջև նոր հարաբերությունների առաջին հաջողված փուլը:

«Մենք ապացուցել ենք, որ մեր առաքելության առաջին փուլը՝ ահաբեկչությանն ու «ալ-Քայիդա»-ին դեմ պայքարը հաջողությամբ է ավարտվել: Այժմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի հաջողության հասնենք առաքելության երկրորդ փուլում, այն է՝ Ռազմավարական շրջանակային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների հարատև պահպանումը», - ասել է Իրաքի վարչապետը:

Նախագահ Օբաման նշել է, որ Իրաքում Միացյալ Նահանգները ռազմակայաններ չի ունենալու, իսկ դիվանագիտական, քաղաքացիական և ռազմական արդյունավետ կապերի ապահովման գործն իր վրա է վերցնելու Իրաքում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը:

Իր խոսքում ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ այն, ինչին հասել են Միացյալ Նահանգներն ու Իրաքը, հնարավոր է դարձել Իրաքում ծառայություն անցած ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների կողմից գործադրված ջանքերի շնորհիվ, որոնցից 4,5 հազարն իրենց կյանքն են զոհաբերել՝ այս նպատակին հասնելու համար:

ԱՄՆ-ի նախագահն ու Իրաքի վարչապետի մամուլիս ասուլիսից հետո այցելել են Արլինգտոնի ազգային գերեզմանատունը, որտեղ ծաղկեպսակ են դրել Անհայտների հուշարձանի մոտ:

XS
SM
MD
LG