Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է Իրաքում ռազմական առաքելության ավարտը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է Իրաքում ռազմական առաքելության ավարտը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է Իրաքում ռազմական առաքելության ավարտը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան մասնակցել Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական առաքելության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Պաշտպանության նախարար Պանետան հինգշաբթի օրը Բաղդադում անցկացված արարողության ժամանակ ասել է, թե այս օրը նշվել է ինչպես Իրաքի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար «պատմական մի իրադարձություն»՝ հավելելով, որ անկախ և ինքնիշխան Իրաքի մասին երազանքն այժմ իրականություն է դարձել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը հարգանքի տուրք է մատուցել իրաքյան պատերազմում մասնակցած զինծառայողներին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները, դուրս բերելով զորքերն Իրաքից, «թողնում են ինքնիշխան և կայուն երկիր», ինչը Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Ֆորտ Բրեգս ռազմակայանում անցկացված արարողության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում նախագահ Օբաման որպես «արտակարգ ձեռքբերում» է նկարագրել:

Նախագահ Օբաման հավելել է, որ այժմ Իրաքի ապագան այս երկրի ժողովրդի ձեռքում է:

Իրաքի ֆալուջա քաղաքում, որը ժամանակին եղել է ԱՄՆ-ի զինված ուժերի դեմ պայքարող զինյալների կենտրոնը, չորեքշաբթի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ տոնելու իրենց երկրից Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը: Տոնախմբության մասնակիցները կարգախոսներ են վանկարկել և վառել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն իրենց պետությունները պահպանելու են անվտանգության, դիվանագիտական և տնտեսական ոլորտում ամուր հարաբերությունները նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ռազմական վերջին ստորաբաժանումները դուրս բերվեն Իրաքից այս տարվա վերջին:

2008 թվականի նախընտրական իր արշավի ժամանակ նախագահ Օբաման պարտավորություն է ստանձնել ավարտի հասցնել ԱՄՆ-ի պատմության մեջ քաղաքական ամենաթեժ պայքարի պատճառը դարձած պատերազմներից մեկը, որը մեկնարկել է հանրապետական իր իրավանախորդ Ջորջ Բուշի պաշտոնավարման օրոք:

Իրաքի վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման ասել է, թե կատարել է իր խոստումը և շեշտել, որ այժմ, երբ Իրաքը պատասխանատվություն է կրում իր անվտանգությունն ապահովելու համար, Միացյալ Նահանգների պատասխանատվությունն այս երկրում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նկատմամբ չի նվազի:

«Մենք շատ արյուն ու միջոցներ ենք ներդրել Իրաքում, և այժմ ցանկանում ենք համոզված լինել, որ նույնիսկ երբ մեր զորամիավորումները դուրս բերվեն, Իրաքում և ԱՄՆ-ում բոլորը հասկանան, որ միշտ պարտավորված կլինենք նպաստելու, որպեսզի Իրաքում առաջընթաց գրանցվի», - ասել է նախագահ Օբաման:

Իրաքի վարչապետն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումների դուրսբերումը նշանավորում է երկու պետությունների միջև նոր հարաբերությունների առաջին հաջողված փուլը:

XS
SM
MD
LG