Միացյալ Նահանգները փոխել է Իրանից ուսանողներին տրամադրվող մուտքի արտոնագրերի պայմանները, որոնց համաձայն նրանք այժմ հնարավորություն կունենան ստանալու երկու տարվա ընթացքում ԱՄՆ բազմակի մուտք գործելու հնարավորություն տրամադրող մուտքի արտոնագրեր՝ ի տարբերություն նախկինում երեք ամսով կացության իրավունք և մուտքի մեկ հնարավորություն տրվող մուտքի արտոնագրի։
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինընն այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ օրը՝ հայտնելով նախագահ Բարաք Օբամայի կողմից Իրանի ժողովրդին օժանդակություն ցուցաբերելու գործում կատարած «մեծ քայլի» մասին։
ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, արտոնագրային նոր քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդ իրանցիներին վերադառնալ իրենց հայրենիք՝ ընտանեկան միջոցառումներին մասնակցելու համար, և ճանապարհորդել ԱՄՆ-ից դուրս՝ առանց ամեն անգամ մուտքի նոր արտոնագիր ստանալու անհրաժեշտության։
Քլինթընն ասել է, թե «իրանցի բազմաթիվ ուսանողներ հայտնել են, որ այս փոփոխությունը ցանկալի է ծագումով իրանցի ամերիկացիների համար։ Մենք լսում ենք ձեր մտահոգությունները։ Ցանկանում ենք, որ դուք՝ Իրանի ապագան ձևավորողներդ, կարողանաք մասնակցել ավելի շատ երկխոսությունների և փոխանակման ծրագրերի»։
Շարունակելով իր խոսքը, ԱՄՆ-ի արտգործնախարարը հավելել է. «Սատարելու ենք ձեր սպասումներն ու իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կառավարությունը շարունակում է ճնշում գործադրել ձեր ներուժի նկատմամբ», - հավելել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։
«Շարունակելու ենք որոնել և սատարել Իրանում իրական փոփոխությունների տանող նոր հնարավորությունները», - իր խոսքը եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը։