Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հետաքննում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները


«Քիմիական զենքի որևէ կիրառում կվերածվի ողբերգական սխալի». նախագահ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն իրականացնում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունների «մանրամասն հետաքննություն»:

Հանդես գալով Երուսաղեմում չորեքշաբթի օրը՝ նախագահ Օբամա ասել է, որ քիմիական զենքի որևէ կիրառում կվերածվի «ողբերգական սխալի» ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը խիստ թերահավատորեն է մոտենում այն հաղորդագրություններին, որոնց համաձայն քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած են Սիրիայի ապստամբները:

Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպանը չորեքշաբթի ավելի վաղ, վկայություններ ներկայացնելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները որևէ ապացույց չունի՝ սատարելու համար Սիրիայի հյուսիսում այս շաբաթվա սկզբին քիմիական զենքի կիրառելու մասին հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հալեպում քիմիական զենք կիրառելու մեջ է մեղադրել ապստամբների ուժերին: Վերջերս նույն մեղադրանքն են ներկայացրել Սիրիայի կառավարական ուժերին: Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները հետաքննելու պահանջով: Սիրիայի ընդդիմությունը նույնպես պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, հանդես գալով Լոնդոնում երկրի խորհրդարանի առջև, ասել է, թե Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունները նոր թափ են հաղորդել այս երկիր սպառազինություն մատակարարելու Եվրոպական Միության էմբարգոն թուլացնելու անհրաժեշտության մասին պահանջներին:
XS
SM
MD
LG