Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է ընդունել «Ուկրաինային սպառնացող անձանց նկատմամբ»


Նախագահ Օբաման ստորագրել է հրամանագիր, որը թույլատրում է պատժամիջոցներ կիրառել «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների կամ ինստիտուտների խարխլմանն ուղղված գործողությունների իրականացման համար պատասխանատու» կազմակերպությունների և անհատների նկատմամբ

Միացյալ Նահանգները մուտքի արտոնագրեր տրամադրելու սահմանափակումներ է ընդունել Ռուսաստանի և Ղրիմի այն բնակիչների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, սպառնում են Ուկրաինային, ինչպես նաև արգելափակել է Ուկրաինային պատկանող ակտիվների դուրսբերումը Միացյալ Նահանգներից:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որը թույլատրում է պատժամիջոցներ կիրառել «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների կամ ինստիտուտների խարխլմանն ուղղված գործողությունների իրականացման համար պատասխանատու» կազմակերպությունների և անհատների նկատմամբ:

Նախագահ Օբամայի կողմից ստորագրված հրամանագրում չեն նշված այն անձանց անունները, որոնց ակտիվները նախատեսվում է սառեցնել: Այն սակայն կիրառվելու է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վատնել են Ուկրաինայի պետական միջոցները կամ վտանգում են Ուկրաինայի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Եվրամիությունը հինգշաբթի օրն ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի նախկին կառավարության ակնառու 18 գործիչների, այդ թվում՝ երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր ընտանիքի անդամների հաշիվների սառեցման որոշում ընդունելու մասին:

Այս անձինք մեղադրվում են պետական միջոցների յուրացման և մարդու իրավունքների խախտումներ իրականացնելու մեջ:

Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված ցուցակում ներառված են Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու իր երկու որդիները՝ գործարար Ալեքսանդրն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորը:

Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները տարածվել են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, երկրի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևի, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի և վերջիններիս ընտանիքների անդամների վրա:

Եվրամիության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ պատժամիջոցները Ուկրաինայի պետական յուրացված միջոցների սառեցման և վերադարձնելու նպատակ են հետապնդում:
XS
SM
MD
LG