Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի օրոք ընդունված հարկային բոլոր արտոնությունների գործողության ժամկետը երկարաձգվել է


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հավանության է արժանացրել անկախ եկամուտի չափից բոլոր ամերիկացիների համար նախատեսված հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու մասին մի օրինագիծ:

Նման օրինագծի ընդունումը է՛լ ավելի է խորացրել նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական կուսակցության հետ ունեցած հանրապետական կուսակցության տարաձայնությունները:

Օրինագիծը ձայների 256՝ կողմ, 171՝ դեմ հարաբերակցությամբ ընդունվել է չորեքշաբթի օրը: Քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հիմնականում ըստ կուսակցական պատկանելիության: Այսպես, օրինագծին կողմ է քվեարկել դեմոկրատական կուսակցության 19 ներկայացուցիչ, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամներից օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը մեկ ներկայացուցիչ:

Հանրապետական կուսակցության կողմից առաջ քաշված օրինագծի կողմնակիցների համաձայն, նման օրենքի ընդունումն անհրաժեշտ է՝ ԱՄՆ-ի տնտեսությունում տիրող իրավիճակի պատճառով:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամների կողմից առաջադրված այլընտրանքային ծրագրով նախատեսվում էր երկարաձգել հարկային արտոնությունների գործողության ժամկետը բոլորի համար, բացի տարեկան ավելի քան 250 հազար դոլար եկամուտ ունեցող ամուսիններից կամ 200 հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեցող անհատներից: Այս ծրագիրը, որի նման մի ծրագիր անցյալ շաբաթ ընդունվել է դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատի կողմից, այնուամենայնիվ մերժվել է:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, հանրապետականների ծրագիրն օգուտ կբերի միայն ամենահարուստ երկու տոկոս ամերիկացիներին և վնաս կհասցնի աշխատատեղերի ստեծման և երկրի տնտեսության զարգացման ծրագրերի համար անհրաժեշտ ներդրումներին:

Միացյալ Նահանգների օրենսդիրներն այս տարվա վերջին կարող են դեմ առ դեմ կանգնել «ֆինանսական ժայռ» կոչվող երևույթի հետ, որը վրա կհասնի այն ժամանակ, երբ կավարտվեն նախկին նախագահ Բուշի պաշտոնավարման օրոք ընդունված հարկային արտոնությունները և ուժի մեջ կմտնեն զինված ուժերի և ներպետական ծախսերի ավտոմատ կրճատումները: Սա, ըստ տնտեսագետների, նոր անկում կառաջացնի առանց այն էլ դժվար կացության մեջ գտնվող ԱՄՆ-ի տնտեսությունում:
XS
SM
MD
LG