Մատչելի հղումներ

Քլինթըն. «Իրանը պետք է ստանձնի հստակ պարտավորություններ»


«Վաշինգտոնն ակնկալում է, որ Իրանն այս ամսվա ընթացքում կայանալիք բանակցությունների ժամանակ կստանձնի հստակ պարտավորություններ»:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը՝ նշելով, որ որպես «P5+1» հայտնի խմբի մասնակից պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի հետ բանակցությունները «չպետք է դառնան առանց որևէ համաձայնության գալու բանակցություններ»:

Քլինթընի համաձայն, նախագահ Բարաք Օբաման հստակ հայտնել է, որ Վաշինգտոնն ու իր միջազգային գործընկերները վճռական են Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքնբերումը կանխելու գործում, սակայն դեռևս ժամանակ կա, որպեսզի «գործեն այս երկրի դեմ ընդունված պատժամիջոցներն ու դիվանագիտական աշխատանք կատարվի»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում ապրիլի 13-ից 14-ը:

Իրանը բանակցությունների սեղանի մոտ վերադառնալու պատրաստակամություն է հայտնել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը խստացրել են այդ երկրի բանկային ոլորտի դեմ ուղղված պատժամիջոցները և նվազեցրել նավթի գնման ծավալները:

Իրանի իշխանությունները հերքում են Արևմուտքի կողմից միջուկային զենք մշակելու վերաբերյալ իրենց ներկայացվող մեղադրանքները և պնդում, որ միջուկային ոլորտում բոլոր գործողություններն իրականացվում են բացառապես խաղաղ նպատակներով:

XS
SM
MD
LG