Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը ժամանել է Թեհրան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի և երկրի պաշտոնատար այլ անձանց հետ միջուկային ոլորտի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Էրդողանին Իրան ժամանելուց հետո այս երկրում իրեն ողջունած արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին չորեքշաբթի օրը հայտնել է պետական լրատվամիջոցներին, որ Թեհրանը նախատեսում է աշխարհի տերությունների հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ մեկնարկել ապրիլի 13-ին, սակայն հանդիպման վայրը դեռևս որոշված չէ:

Սալեհիի համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների հետ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, և բանակցություններին մասնակցող Գերմանիայի հետ հանդիպման վայրը հայտնի կդառնա գալիք մի քանի օրվա ընթացքում:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակը սակայն հայտնել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ անցկացնելու տեղի և ժամանակի մասին որևէ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:

Իրանի իշխանությունները նախկինում ցանկություն են հայտնել բանակցություններ անցկացնել Ստամբուլում, որտեղ անցյալ տարվա հունվարին ձախողվել էին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Որպես «P5+1»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետություն և Գերմանիա հայտնի խումբն այս ամսվա սկզբին վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրին դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառությունը: Սակայն խումբը նաև մտահոգություն է հայտնել ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքների ակտիվացմամբ և հորդորել Թեհրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության տեսուչների մուտքը Պանչինի ռազմակայան:

Իրանը հերքում է միջուկային զենք մշակելու վերաբերյալ իրեն ներկայացվող մեղադրանքները՝ ասելով, որ միջուկային ոլորտում իր կողմից իրականացվող բոլոր աշխատանքները խաղաղ բնույթ ունեն:

XS
SM
MD
LG