Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են ընդունել՝ կապված Ղրիմի քվեարկության հետ


Նախագահի Օբաման ստորագրել է հրամանագիր, որի համաձայն սառեցվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի 11 պաշտոնյայի, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան երկու խորհրդականի, ինչպես նաև Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացել պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգներն առանձնացրել է՝ կապված Ղրիմում Ուկրաինայից անջատելու հարցով Մոսկվայի աջակցությամբ նախօրեին անցկացված հանրաքվեի հետ:

Նախագահի Օբաման ստորագրել է հրամանագիր, որի համաձայն սառեցվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի 11 պաշտոնյայի, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան երկու խորհրդականի, ինչպես նաև Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվները:

Հանդես գալով հրամանագիրը ստորագրելու մասին որոշման մասին հայտարարությամբ՝ նախագահ Օբաման ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «խարխլում է Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում է այս երկրի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նպաստում է ֆինանսական ակտիվների սխալ օգտագործմանը, և այսպիսով ներկայացնում է արտասովոր և արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային շահերի և արտաքին քաղաքականության համար»:

Արձագանքելով Վաշինգտոնի կողմից ընդունված պատժամիջոցներին՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որն ընդգրկված է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ կիրառվելու են ԱՄՆ-ի կողմից ընդունված պատժամիջոցները, ասել է, թե այս պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն գործի արտերկրում ակտիվներ չունեցող անձանց վրա:

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարներն իրենց հերթին երկուշաբթի օրը մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության են եկել Ռուսատանի և Ուկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ ճանապարհորդության արգելքներ և ակտիվների սառեցման եղանակով պատժամիջոցներ սահմանելու մասին:

Եվրամիության կողմից պատժամիջոցներ են ընդունվել այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ դաշինքի, մասնակցություն են ունեցել Ռուսատանի կողմից Ղրիմը զբաղեցնելու, ինչպես նաև Ուկրաինայից Ղրիմն անջատելու և Ռուսաստանի կազմում ընդգրկելու շուրջ հանրաքվեն անցկացնելու գործում:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեվիչուսը, որի համաձայն գալիք մի քանի օրվա ընթացքում Եվրամիության անդամ պետությունների Բրյուսելում կայանալիք հանդիպումից հետո կարող են ընդունվել լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Ի լրումն Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից կատարված արձագանքի՝ ՆԱՏՕ-ն իր հերթին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «անօրինական և ապօրինի» է անվանել Ղրիմում անցկացված հանրաքվեն:
XS
SM
MD
LG