Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ մոտ 2,3 միլիոն դոլար կտրամադրի` Հայաստանի դատաիրավական ոլորտում ծրագրերի իրականացման համար


ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ մոտ 2,3 միլիոն դոլար կտրամադրի` Հայաստանի դատաիրավական ոլորտում ծրագրերի իրականացման համար
ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ մոտ 2,3 միլիոն դոլար կտրամադրի` Հայաստանի դատաիրավական ոլորտում ծրագրերի իրականացման համար

«Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին համաձայնագիրը»:

Այս մասին հաղորդագրություն տարածել է Համաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը: Հաղորդագրության համաձայն, այս` թվով 13-րդ փոփոխությամբ ԱՄՆ-ի կառավարությունը մոտ 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ 2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասնվեց միլիոն ԱՄՆ դոլար:

Դեսպանության հաղորդագրությունում նշվել է, որ «այս նամակ-hամաձայնագիրը և դրանով սահմանված պարտավորությունները ԱՄՆ-ի և Հայաստանի միջև եղած շարունակական և հաջող համագործակցության վառ ապացույցն են: Ֆինանսավորումը, որը տրամադրվում է այն hամաձայնագրով, կծառայի Հայաստանի քաղաքացիների շահերին` շարունակելով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը առավել արդյունավետ կերպով պայքարել անդրազգային այնպիսի հանցանքների դեմ, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, թմրամիջոցների անօրինական շրջանառությունը և փողերի լվացումը: Իրականացվող ծրագրերը նաև կնպաստեն Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին»:

Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը հպարտ է աշխատել Հայաստանի իրենց գործընկերների հետ` ձևավորելու մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել ազատ ու արժանապատիվ կյանքով, առանց վախենալու հանցավորությունից ու վստահ, որ պաշտպանված է օրենքի իշխանությամբ:

XS
SM
MD
LG