ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները, ինչի արդյունքում դեմոկրատները կորցրին մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Պալատի նախագահի պաշտոնում Նենսի Փելոսիին հավանաբեր փոխարինի Ջոն Բեյները:
Դեմոկրատները չորեքշաբթի վաղ առավոտյան տվյալներով Սենատում արդեն ապահովել են մեծամասնություն: Նրանք արդեն ունեն 51 աթոռ, ի հակակշիռ հանրապետականների 46-ի:
Սակայն դեռևս մի քանի ժամ ու նույնիսկ մի քանի օր կպահանջվի ամենակարեւոր տեղամասերի վերջնական արդյունքները հաշվելու համար:
Չնայած հանրապետականների կողմից Բարբարա Բոքսերի դեմ ծախսված միլիոնավոր դոլարներին, հայանպաստ սենատորը հաղթել է իր համար մինչ այժմ ամենադժվար այս պայքարում եւս:
Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Նյու Յորք և Արևմտյան Վիրջինիա նահանգի Սենատի ընտրություններում։ Վերջինում նահանգապետ Ջո Մանչինը հաղթանակ է տարել բավականին դժվարին նախընտրական պայքարում։
Դելավեր նահանգում Քրիս Քունսը Սենատի ընտրություններում հաղթանակ է տարել «Թեյի կուսակցության» նախընտրած թեկնածու՝ հանրապետական Քրիստին Օ’Դոնելի նկատմամբ։
Հանրապետական կուսակցության նախագահ Մայքլ Սթիլն, խոսելով նախընտրական արշավի ավարտին, ասել է, որ հանրապետականները հույս ունեն «ապահովել նոր սկիզբ Ամերիկայի ժողովրդի համար»։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավը նպատակ ունի երկրի զարգացմանը հաղորդել նոր ուղղություն, այլ ոչ թե կրկնել անցյալի սխալները։ Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատի նոր կազմում Փելոսիին փոխարինելու է ներկային Հանրապետական կուսակցության փոքրամասնության առաջնորդ Ջոն Բեյները։
Հասարակության կարծիքի վերջին հարցումների համաձայն, Հանրապետական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում, որտեղ ներկայումս մեծամասնություն են կազմում դեմոկրատները, կարող է ստանալ առնվազն 39 տեղ: Քաղաքական որոշ վերլուծաբաններ կարծում են, թե հանրապետականները նույնիսկ կարող են ստանալ 50 տեղից ավելի:
Նույն հարցումների համաձայն, հանրապետականները կարող են որոշակի առավելություն ունենալ նաև ԱՄՆ-ի Սենատում տեղերի համար ծավալած պայքարում, սակայն չեն կարողանալու այնտեղ կազմել մեծամասնություն: Դեմոկրատական կուսակցության մի քանի վետերանների, որոնց թվում է նաև Սենատում մեծամասնության առաջնորդ, Նևադա նահանգը ներկայացնող Հարրի Ռիդը, ուժեղ մրցակցություն է սպառնում «Թեյի կուսակցության» ակտիվիստների օժանդակությունը վայելող հանրապետական թեկնածուների կողմից, որոնք ցածր հարկերի և պետական ծախսերի կրճատման կողմանկից են:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների թվի զգալի աճը Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահի համար կարող է դժվարեցնել իր նախաձեռնությունների համար հավանություն ստանալու գործընթացը:
Երեքշաբթի օրվա ընտրություններից է կախված Ներկայացուցիչների պալատի 435 և Սենատի 100 տեղերից 37-ի բաշխումը:
Ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում իրենց անհրաժեշտ առնվազն 39 տեղերի փոխարեն հանրապետականների հաջողվեց նվաճել 60 տեղը: