Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի հրաժարվում Եգիպտոսին «F-16» կործանիչների առաքման ծրագրերից


Կործանիչները կազմում են Միացյալ Նահանգների կողմից Եգիպտոսին տրամադրվող ամենամյա օգնության մասերից մեկը

Միացյալ Նահանգները չի հրաժարվում մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում Եգիպտոսին «F-16» չորս կործանիչ մատակարարելու ծրագրերից՝ չնայած Եգիպտոսի զինված ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի պաշտոնանկության իրականացման:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչի համաձայն, կործանիչները, որոնք Եգիպտոսի զինված ուժերին նախատեսվում է առաքել օգոստոս ամսին, կազմում են Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ամենամյա օգնության մասերից մեկը:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ևս ութ «F-16» կմատակարարվի դեկտեմբերին: Նրա համաձայն, արդեն իսկ առաքված ութ կործանիչների հետ միասին այս կործանիչների առաքումը կիրականացվի «F-16» ընդհանուր առմամբ 20 կործանիչների խմբաքանակի առաքման ծրագրի շրջանակներում:

«F-16» կործանիչներն արտադրում է Պենտագոնի ամենախոշոր մատակարար «Լոքհիդ Մարթին» ընկերությունը, որի ներկայացուցիչները հրաժարվել են այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություններից:

ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյա, որը ցանկացել է գաղտնի պահել իր անունը, ասել է, թե ներկայում չկա «F-16» կործանիչները Եգիպտոսի բանակին առաքելու ծրագրերում որևէ փոփոխություն կատարելու մտադրություն:

Եգիպտոսն Իսրայելի հետ 1979 թվականին խաղաղության պայմանագիր կնքելուց հետո դարձել է աշխարհում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օժանդակության ամենամեծ ստացողներից մեկը:

Միացյալ Նահանգներն այս տարվա սեպտեմբերին ավարտվող 2013 ֆինանսական տարվա ընթացքում Եգիպտոսին արդեն իսկ հատկացրել է 650 միլիոն դոլարի ռազմական օգնություն և նախատեսում է հատկացնել ևս 585 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակն ավելի վաղ, անդրադառնալով Եգիպտոսում ստեղծված իրավիճակին, ասել էր, թե Եգիպտոսին օժանդակության տրամադրման դադարեցումը «չի բխում Վաշինգտոնի շահերից»:
XS
SM
MD
LG