Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում փետրվար ամսին ավելացել է 175 հազար աշխատատեղ


Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը տեղեկացրել է սակայն, որ այս տարվա փետրվար ամսվա ընթացքում գործազրկության մակարդակը գրանցել է թեթև աճ՝ հասնելով 6,7 տոկոս ցուցանիշի

Միացյալ Նահանգների գործատուներն այս տարվա փետրվար ամսվա ընթացքում ավելացրել են 175 հազար աշխատատեղ:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ «JPMorgan Chase»-ի ավագ տնտեսագետ Ջեյմս Գլասմանն ասել է, որ անցյալ ամսվա ընթացքում աշխատաշուկայում գրանցված նոր աշխատատեղերի ավելացումը դրական նշան է՝ հատկապես հաշվի առնելով այս տարվա սովորականից սառը և ձնառատ ձմեռը, որն անցյալ տարվա դեկտեմբեր և այս տարվա հունվար ամիսներին դարձել էր ԱՄՆ-ի աշխատաշուկայի աճի դանդաղեցման պատճառը:

«Փետրվար ամսվա հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գալիք մի քանի ամսվա ընթացքում կարող են գրանցվել ավելի լավ ցուցանիշներ, երբ վերադառնանք մեզ համար ավելի սովորական պայմաններին», - ասել է Գլասմանը:

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը տեղեկացրել է նաև, որ փետրվար ամսվա ընթացքում գործազրկության մակարդակը գրանցել է թեթև աճ՝ հասնելով 6,7 տոկոս ցուցանիշի:

«JPMorgan Chase» բանկի ավագ տնտեսագետի համաձայն, դա կարող է լավ նշան լինել, որը վկայում է աշխատանք հուսահատ փնտրողների մոտ երկրի տնտեսության նկատմամբ լավատեսության ավելացման մասին: Գլասմանն ասել է նաև, որ այս ցուցանիշը խոսում է նաև այն մասին, որ նման անձինք վերսկսել են աշխատանք փնտրելը՝ չնայած հնարավոր է, որ նրանք դեռևս գործազուրկ են մնում:

Միացյալ Նահանգներում գործազուրկների թիվն այժմ կազմում է 10,5 միլիոն մարդ, որոնցից ավելի քան մեկ երրորդի գործազուրկ մնալու ժամկետն այժմ գերազանցում է վեց ամիսը:
XS
SM
MD
LG