Մատչելի հղումներ

Թալիբների բարձրաստիճան հրամանատարը՝ ԱՄՆ-ի անօդաչու օդանավի հարվածի զոհ


Թալիբները հերքել են հարվածի արդյունքում բարձրաստիճան հրամանատար Վալիուր Ռեհմանի ոչնչացման մասին հաղորդագրությունները

Պակիստանի պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի անօդաչու օդանավի միջոցով ենթադրաբար իրականացված հարվածի արդյունքում ոչնչացվել է Պակիստանում գործող թալիբների երկու հրամանատար:

Պաշտոնյաների համաձայն, Պակիստանի հյուսիս-արևմտյան Հյուսիսային Վազիրիստան տարածաշրջանում, որը համարվում է թալիբների և «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների հենակետ, չորեքշաբթի օրն իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, որոնց թվում եղել է թալիբների բարձրաստիճան հրամանատար Վալիուր Ռեհմանը:

Թալիբների աղբյուրները սակայն հերքել են հարվածի արդյունքում Ռեհմանի ոչնչացման մասին հաղորդագրությունները:

ԱՄՆ-ի կառավարությունը 5 միլիոն դոլարի պարգևատրություն է խոստանում Ռեհմանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելու դիմաց: Պակիստանի կառավարությունը Ռեհմանի գլխի համար խոստանում է վճարել 500 հազար դոլար պարգևատրություն:

Պակիստանի իշխանություններն այնուամենայնիվ մտահոգություն են արտահայտել հարձակման կապակցությամբ՝ ասելով, որ նման հարձակումները դրական որևէ ազդեցություն չեն գործում, դրանց զոհ են գնում խաղաղ բնակիչներ և նման հարձակումները խախտում են Պակիստանի ինքնիշխանությունը:

Այս հարձակումը դարձել էր անօդաչու օդանավերի միջոցով իրականացված առաջին հարձակումը մայիսի 11-ին Պակիստանում անցկացված ընդհանուր ընտրությունների ժամանակից: Երկրի նորընտիր վարչապետ Նավազ Շարիֆը Պակիստանի ինքնիշխանությանը նետած մարտահրավեր է անվանել անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ նշել էր, թե նախատեսվում է նվազեցնել նման հարձակումների իրականացման ծրագրի ծավալը:
XS
SM
MD
LG