Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Իրանի միջուկային ծրագրի նվաճումների մասին լուրերը նախատեսված են հիմնականում ներքին լսարանի համար»


ԱՄՆ. «Իրանի միջուկային ծրագրի նվաճումների մասին լուրերը նախատեսված են հիմնականում ներքին լսարանի համար»

Միացյալ Նահանգներ լուրջ չի ընդունել միջուկային ծրագրի նոր նվաճումների մասին Իրանի իշխանությունների հաղորդագրությունները` ասելով, թե միջազգային պատժամիջոցների արդյունքում գործադրվող ճնշումը զգալի է դառնում Թեհրանի համար, որը փորձում է շեղել ուշադրությունը երկրի աճող դիվանագիտական մեկուսացումից:

Իրանի իշխանությունները չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ուրանի արտադրման գործարաններում նոր ցենտրիֆուգներ են տեղադրվել, իսկ Թեհրանի հետազոտական ռեակտորում առաջին անգամ ներբեռնվել է տեղական արտադրության միջուկային վառելիք:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը «չափազանցված» է անվանել Իրանի իշխանությունների այս հայտարարությունները:

«Իրականում մենք որևէ նոր բան չենք լսել: Սա մեծ նորություն չէ: Այս ամենը, կարծես, չափազանցված է: Իրանը ամիսներ շարունակ կանոնավոր կերպով՝ ըստ ժամանակացույցի ներկայացրել է իր ձեռքբերումները, և, հիմք ընդունելով իրենց իսկ ժամանակացույցը կարելի է եզրակացնել, որ նրանք շատ են հետ մնացել դրանից: Կարծում ենք, որ այս լուրերը նախատեսված են հիմնականում ներքին լսարանի սպառման համար», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Նուլանդը:

XS
SM
MD
LG