Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը զգուշացրել է Ռուսաստանի այցելության վտանգի մասին


Միացյալ Նահանգների արտգործնախարարության համաձայն, Ռուսաստանում առկա է «ցույցերի և հակաամերիկյան գործողությունների իրականացման հնարավորություն», որոնք կապված են Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է հատուկ նախազգուշացում Ռուսաստանում գտնվող կամ Ռուսաստան այցելություն կատարելու ծրագրեր ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիների համար:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության համաձայն, Ռուսաստանում առկա է «ցույցերի և հակաամերիկյան գործողությունների իրականացման հնարավորություն», որոնք կապված են Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մտահոգությունն են առաջացնում նաև Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունները:

Ռուսաստան ԱՄՆ-ի քաղաքացիների համար ճանապարհորդության նախազգուշացման մեջ նշված է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը չունի «տարածաշրջանային տարաձայնությունների կամ ԱՄՆ-ի քաղաքացիների հասցեին հստակ սպառնալիքների հետևանքով Ռուսատանի ներսում զինված ակտիվ հակամարտության» մասին որևէ հստակ տեղեկատվություն:

Արտգործնախարարությունը սակայն զգուշացրել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում կամ Բրյանսկ, Բելգորոդ, Վորոնեժ, Դոնի Ռոստով քաղաքներ և Կրասնոդարի երկրամաս ուղևորվող ԱՄՆ-ի քաղաքացիներին լարվածության ավելացման, ռազմական բախումների՝ ինչպես պատահական, այնպես էլ կանխամտածված, ինչպես նաև մարդկանց անվտանգությանը սպառնացող բռնի այլ գործողությունների հնարավորության մասին:

ԱՄՆ-ի Պետդեպը զգուշացրել է, որ այս տարածաշրջաններում շարունակվում է Ռուսաստանի ռազմական կարողությունների ավելացումն ու նկատվում է ռուսաստանցի նեոնացիստների և ծայրահեղականների կուտակումը, ինչի պատճառով «առկա է բռնությունների կամ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ Միացյալ Նահանգների շահերի դեմ ուղղված հակաամերիկյան գործողությունների վտանգը»:

ԱՄՆ-ի քաղաքացիներին, բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած տեսակի, այդ թվում՝ իշխանությունների կողմից թույլատրված, բողոքի ցույցերին մասնակցելուց, ինչպես նաև մարդկանց զանգվածային կուտակումներից այն դեպքում, եթե իրենց անվտանգությունն ապահովված չէ:

«Ուկրաինայի հետ հակամարտության հետ կապված բողոքի ցույցերը կարող են առաջանալ ցանկացած պահին Ռուսաստանի ցանկացած վայրում: Այս ցույցերը կարող են բարձրացնել բռնությունների հնարավորությունը», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված նախազգուշացման մեջ, որի գործողության ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 13-ին:
XS
SM
MD
LG