Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը վերահաստատել է, որ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել


«Միայն հարատև և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտություն»

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ ասելով, որ «22 տարի առաջ հայկական զորքերը խախտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք սպանդ են իրականացրել Ադրբեջանի Խոջալի քաղաքում. զոհվել է 613 մարդ, բոլորը՝ խաղաղ բնակիչներ»:

Լրագրողն այնուհետև հարց է ուղղել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիին այն մասին, թե արդյոք նա որևէ մեկնաբանությունների ունի իր ասածի վերաբերյալ:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքին ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում մարդկանց կյանքի ողբերգական կորուստը հիշեցնում է մեզ, որ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Միայն հարատև և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտություն:»

«Որպես Մինսկի խմբի անդամ, Միացյալ Նահանգները հետամուտ է մնում երկու կողմերի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքին», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

Լրագրողը սակայն նշել է, որ խոսնակ Փսաքիի պատասխանը շատ ընդհանրական է՝ հարցնելով, թե արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը կարող է ավելի հստակ անդրադառնալ իր կողմից նշված իրադարձությանը՝ «քանի որ առկա է երկու կողմ: Մեկ կողմը մեղավոր կողմն է, մյուսը՝ խաղաղ բնակիչներից բաղկացած կողմն է: Մեկը մյուսին ոչնչացրել է»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը սակայն ասել է, որ որևէ լրացում չի կարող կատարել իր կողմից ներկայացված հայտարարությանը:

Լրագրողն այնուհետև հարցրել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին այն մասին, թե երբ է Մինսկի խումբն անցկացրել իր վերջին հանդիպումը, և երբ է Խումբը վերջին անգամ հանդիպել հենց Մինսկում:

«Չեմ կարծում, որ նման հանդիպումները հաճախակի են անցկացվել: Դուք մոտակա ժամանակներում այնտեղ [Մինսկ] չեք գնալու, և չեմ կարծում, որ Ամերիկայի պաշտոնյաները հաճախակի են գնում այնտեղ: Բելառուսն այնքան էլ բարյացակամ տրամադրված պետություն չէ», - նշել է լրագրողը:

Արձագանքելով լրագրողի մեկնաբանությանը՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսնակն ասել է, որ անպայմանորեն լրացուցիչ տեղեկություններ կհավաքի Մինսկի խմբի վերջին հանդիպումների վերաբերյալ:
XS
SM
MD
LG