Մատչելի հղումներ

«Պակիստանում անօդաչու օդանավերի հարձակումները չեն դադարի». ԱՄՆ-ի պաշտպանության նախարար


Միացյալ Նահանգները չունի Պակիստանի տարածքում անօդաչու ինքնաթիռների միջոցով հարձակումները դադարեցնելու ծրագրեր, իսկ հարձակումները «կազմում են ԱՄՆ-ի ինքնիշխանության մասերից մեկը»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Պանետայի համաձայն, Վաշինգտոնը միշտ հստակ նշել է, որ ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի, իսկ անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումներն օգուտ են բերում նաև Պակիստանի ժողովրդին, որը հաճախակի է դառնում զինյալների հարձակման թիրախը:

Լեոն Պանետայի այս հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ-ի Սպիտակ տունը հաստատել է լուրերն այն մասին, որ Պակիստանի ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածքներում գործող «ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան երկրորդ հրամանատար Աբու Յահիա ալ-Լիբին ոչնչացվել է անօդաչու օդանավի միջոցով իրականացված հարձակման արդյունքում:

Միացյալ Նահանգներն ալ-Լիբիին ոչնչացումը գնահատել են որպես «ալ-Քաիդա»-ին հասցված ծանր հարված:

Պակիստանի պաշտոնյաների համաձայն, այս հարձակման զոհ է գնացել 15 մարդ, իսկ վերջին օրերին անօդաչու օդանավերի միջոցով իրականացված հարվածների պատճառով զոհվածների թիվը հասել է 27-ի:

Այս երկրի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կողմից անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումները՝ «Պակիստանի ինքնավարությունը և միջազգային օրենսդրությունը խախտող անօրինական հարձակումներ» անվանելով դրանք:

XS
SM
MD
LG