Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պաշտպանում է հեռախոսազանգերի մասին տեղեկությունների գաղտնի հավաքագրման գործելակերպը


«Նման գործելակերպը երկիրը ահաբեկչության վտանգից պաշտպանելու հնարավորություն ընձեռող կարևորագույն գործիք է»

Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտպանում է հեռախոսազանգերի վերաբերյալ մեծածավալ տեղեկություններ հավաքելու գործելակերպը:

ԱՄՆ-ի վարչակազմի իր անունը հրապարակելուց հրաժարված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ նման գործելակերպը «երկիրը ահաբեկչության վտանգից պաշտպանելու հնարավորություն ընձեռող կարևորագույն գործիք է»:

«Նման գործելակերպը հնարավորություն է ընձեռում ահաբեկչության դեմ պայքար մղող անձնակազմին հայտնաբերել, թե արդյոք արդեն իսկ հայտնի ահաբեկիչներին և ահաբեկչական գործունեությունների իրականացման մեջ կասկածվող անձինք կապ են հաստատել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված այլ անձանց հետ», - ասել է պաշտոնյան:

Այս մասին ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է այն բանից հետո, երբ բրիտանական «Գարդիան» պարբերականը հինգշաբթի օրը հրապարակել է ԱՄՆ-ի դատարաններից մեկի կողմից այս տարվա ապրիլին ընդունված գաղտնի կարգադրությունը, որի համաձայն ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայությանը թույլատրվում է տեղեկություններ գրանցել հեռախոսային հաղորդակցությունների մասին:

Դատարանի կարգադրությամբ, Միացյալ Նահանգներում գործող «Verizon» հեռախոսային կապի օպերատորին ներկայացվել է յուրաքանչյուր օր Միացյալ Նահանգների տարածքում և երկրից դուրս կատարված հեռախոսազանգերի ցանկը հավաքագրելու և ներկայացնելու պահանջ: Կարգադրությունը, ըստ էության, չի պահանջում, որ օպերատորը հավաքագրի տեղեկություններ զանգերի բովանդակության մասին:

Նման գործելակերպն արժանացել է ԱՄՆ-ի քաղաքացիական ազատությունների համար պայքարող կազմակերպությունների, որոնք հանդես գալիս Միացյալ Նահանգների օրենքով հետախուզական ծառայություններին լայն իրավասություններ տրամադրելու դեմ, խիստ քննադատության:
XS
SM
MD
LG