ԱՄՆ-ում վաճառքների ծավալներն ուսումնասիրող երկու կազմակերպություններ կանխատեսում են, որ այս տարվա «Կիբեռ երկուշաբթի» օրը կատարվող առցանց վաճառքների ծավալները ռեկորդային կլինեն:
ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի համաձայն, ԱՄՆ-ում երկուշաբթի օրն առցանց վաճառքներ կկատարի երկրի մոտ 122 միլիոն բնակիչ, որոնցից շատերն այս նպատակով կօգտագործեն իրենց աշխատանքային համակարգիչները:
Առցանց ռեկորդային վաճառքների մասին կանխատեսումների հիմքում ընկած են անցյալ շաբաթվա ուրբաթ օրը կատարված վաճառքների բարձր ցուցանիշները: «ShopperTrak» կազմակերպության տվյալների համաձայն, որպես «Սև ուրբաթ» հայտնի օրն ավանդական խանութներում կատարված մանրածախ գնումների ծավալը գերազանցել է նախկին տարվա նույն ցուցանիշը 6,6 տոկոսով` այս տարի կազմելով 11,4 միլիարդ դոլար:
Նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, որի ընթացքում բազմաթիվ խանութներում բարձր արժեք ունեցող էլեկտրոնային սարքավորումները և խաղալիքները վաճառվում են մեծ զեղչով, ըստ ավանդույթի անվանվում է «Սև ուրբաթ», քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ վնասները՝ կարմիր:
«Սև ուրբաթ»-ի օրը խանութները բացվում են սովորականից մի քանի ժամ շուտ, ինչը շահավետ գնում կատարելու մտադրություն ունեցող մարդկանց մոտ հուզում է առաջացնում:
Այս տարի սակայն բազմաթիվ խանութներ «Սև ուրբաթ»-ի վաճառքը սկսել էին հինգշաբթի ուշ երեկոյան, ինչը գնորդներն ընդունել են մեծ ոգևորությամբ:
«Սև ուրբաթ»-ի օրը տարվա ամենակարևոր նշանակություն ունեցող օրերից է մանրածախ առևտրի ցանցերի համար, քանի որ այս օրվա ընթացքում ընկերությունները ձեռք են բերում տվյալներ այն մասին, թե ինչ ծավալի առևտուր կարելի է նախատեսել այս օրվան հետևող տոնական գնումների ամսվա ընթացքում: