ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանել է Կուբա ճանապարհորդելու որոշ սահմանափակումներ՝ թույլ տալով կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ուսանողներին ճանապարհորդել կոմունիստական այս երկիր:
Սպիտակ տան ուրբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն, որոշ սահմանափակումների վերացման միջոցով հնարավոր կլինի առավել մեծ աջակցություն ցուցաբերել Կուբայում քաղաքացիական հասարակության զարգացմանը և բարելավել տեղեկությունների ազատ փոխանակումը:
Փոփոխությունները թույլ են տալու ԱՄՆ-ի քաղաքացիներին երեք ամիսը մեկ անգամ Կուբայի կառավարական մարմիններում չաշխատող քաղաքացիներին ուղարկել մինչև 500 դոլար կազմող գումար: Բացի այդ, առավել մեծ թվով օդանավակայանների է թույլատրվելու կազմակերպել չարտերային թռիչքներ դեպի Կուբա, ինչն այժմ հնարավոր է միայն Լոս Անջելեսի, Մայամիի և Նյու Յորքի օդանավակայաններում:
Կուբայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Սպիտակ տան կողմից հայտարարված այս փոփոխությունները: