Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում ձեռք է բերվել բյուջեի շուրջ համաձայնություն


«Օրինագիծը 23 միլիարդ դոլարով կրճատում է բյուջեի պակասուրդը՝ առանց հարկերի ավելացման: Ծախսային մասը նվազեցվում է առավել խելացի եղանակով»

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների օրենսդիրներին հաջողվել է ձեռք բերել դաշնային բյուջեի ծախսային մասի շուրջ պայմանավորվածություն, որն ուժի մեջ կմնա երկու տարվա ընթացքում և, օրենքի ուժ ստանալու դեպքում, կկանխի երկրի պետական մարմինների գործունեության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը:

Օրենսդիրների կողմից երեքշաբթի ուշ երեկոյան ձեռք բերված համաձայնությունն ըստ էության փոխզիջում է Միացյալ Նահանգների բյուջեի շուրջ հանրապետականների գլխավորած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Սենատի միմյանցից տարբերվող պատկերացումների միջև:

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի շուրջ փոխզիջման գալու մասին հայտարարած Ներկայացուցիչների պալատի բյուջեի հանձնաժողովի նախագահ Փոլ Ռայանը ողջունել է ձեռք բերված համաձայնությունը` նշելով, որ այն թույլ է տվել խուսափել պետական մարմինների գործունեության դադարեցումից գալիք տարվա հունվարին և վերջ դնել «ճգնաժամից ճգնաժամ» կառավարման ոճին:

Երկու կուսակցությունների միջև դաշնային բյուջեի շուրջ ձեռք բերված համաձայնագրով նախատեսվում է, որ 2014 և 2015 թվականների դաշնային բյուջեյի ծախսերը կգերազանցեն խիստ խնայողության միջոցառումներով նախատեսված ծախսային մակարդակը՝ թույլ տալով պաշտպանել բազմաթիվ ներպետական և ռազմական ծրագրեր «սեկվեստրացում» անվանումը ստացած ծախսերի ինքնաբերաբար կրճատումներից:

Համաձայնագրով նախատեսվում է ծածկել ծախսային ավելացող մասը բյուջեի եկամուտների ավելացման և բյուջետային միջոցների խնայողության «խառնուրդի», այդ թվում՝ դաշնային կառավարության աշխատողների կողմից կենսաթոշակային հիմնադրամներ կատարվող մուծումների ավելացման միջոցով:

«Օրինագիծը 23 միլիարդ դոլարով կրճատում է բյուջեի պակասուրդը՝ առանց հարկերի ավելացման: Ծախսային մասը նվազեցվում է առավել խելացի եղանակով», - ասել է Ներկայացուցիչների պալատի բյուջեի հանձնաժողովի նախագահ Փոլ Ռայանը:
XS
SM
MD
LG