Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը վաղը կայցելի Հայաստան


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյս (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյս (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստան կայանալիք այցի ընթացքում հանդիպումներ կունենա երկրի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլինը (Ռոդ Այլենդ) և Լոիս Ֆրենքելը (Ֆլորիդա) ապրիլի 23-ից 26-ը կայցելեն Հայաստան: ԱՄՆ-ի Կոնգրեսականների պատվիրակությունը կգլխավորի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսը (Կալիֆորնիա):

Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որի հաղորդագրության համաձայն ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստան կայանալիք այցի ընթացքում հանդիպումներ կունենա երկրի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ:

«Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերիկայի առևտրի պալատի հետ», - ասված է ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, Երևանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների պատվիրակությունն անցյալ շաբաթավերջին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մասնավորապես, կոնգրեսական Ռոյսը նախագահ Ալիևի հետ պատվիրակության հանդիպման ընթացքում գովասանքի խոսքեր էր ուղղել երկու պետությունների միջև բազում ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանի հետ առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի համագործակցությանը:

Ադրբեջանի նախագահ Ալիևը ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ ունեցած հանդիպման ընթացքում գոհունակություն էր արտահայտել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ, կարևորել էր երկու պետությունների օրենսդրական մարմինների միջև համագործակցության զարգացումը:

ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել էր, թե «շատ կարևոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ձեռնարկի հակամարտության արդարացի կարգավորմանն ուղղված հստակ քայլեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»:
XS
SM
MD
LG