Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում նախապատրաստվել է 2014 թվականի բյուջեի նախագիծը


Budget Battle
Budget Battle

Փաստաթղթով նախատեսվում է Պենտագոնի և պետական այլ գործակալությունների ֆինանսավորման որոշակի ավելացում՝ անցյալ տարվա սեկվեստրից հետո

ԱՄՆ-ի Կոնգրեսում հրապարակվել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև համաձայնեցված ֆինանսական ներկայիս տարվա ընթացքում պետական ծախսերի վերաբերյալ օրինագիծը, որի ծավալը կազմում է 1,1 տրիլիոն դոլար:

Օրինագիծը, որը թույլ է տվել հաղթահարել ԱՄՆ-ի բյուջեի շուրջ 2013 թվականի օրենսդրական բախումները, կապահովի ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության ֆինանսավորումը մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը:

Փաստաթուղթը հստակեցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին բյուջեի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և նախատեսում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և պետական այլ մարմինների բյուջեների համեստ ավելացում:

ԱՄՆ-ի բյուջեի մասին օրինագծով նախատեսվում է պահպանել ցածր եկամուտ ունեցող անձանց համար բնակարանների տրամադրման ծրագրերը, մեկ տոկոսով բարձրացնել զինվորականների և պետական ծառայողների աշխատավարձը, ինչպես նաև տրամադրել միջոցներ՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դեսպանությունների անվտանգության բարելավման համար: Օրինագիծը հնարավորություն է տալիս խուսափելու նոր ավիակիրների կառուցման և նոր սերնդի կործանիչների ստեղծման «Joint Strike Fighters» ծրագրերի մշակման դադարեցման վտանգից:

ԱՄՆ-ի բյուջեյի նախագիծը թույլ չի տալու նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ամբողջ ծավալով կատարել ԱՄՀ-ի նկատմամբ ֆինանսական առկա պարտականությունները: Օբամայի վարչակազմին սակայն հիմնականում կտրամադրվեն առողջապահության և ֆինանսական ոլորտի բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ գումարները:

Բյուջեի 1582 էջ ծավալով նախագծի հրապարակումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Գարոլդ Ռոջերսի և Սենատի իր գործընկեր Բարբարա Միկուլսիի միջև մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունքում:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը նախատեսում է հավանության արժանացնել երկրի պետական մարմինների գործունեության կարճաժամկետ ֆինանսավորման մասին օրինագիծը, որպեսզի Սենատը ժամանակ ունենա մինչև շաբաթ օրվա կեսգիշերն ավարտի հասցնել աշխատանքը բյուջեի ընդհանուր օրինագծի շուրջ: Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության կարճաժամկետ ֆինանսավորման մասին ներկայիս օրենքի գործողությունը լրանում է չորեքշաբթի օրվա կեսգիշերին:
XS
SM
MD
LG