Երկուշաբթի օրը մեկնարկել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հին կազմի նստաշրջանը, որի ընթացքում օրենսդիրները քննարկելու են այս շաբաթվա օրակարգի մի քանի կարևոր խնդիրներ, որոնց թվում են հարկային արտոնություններին վերաբերող և Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների մասին նոր պայմանագիրը Սենատում հաստատելու հարցերը:
Այս նստաշրջանի ընթացքում մասնակցելու են այն օրենսդիրները, որոնք չեն մասնակցել կամ չեն վերընտրվել այս ամսվա սկզբին անցկացված ընտրություններին: Կոնգրեսի նոր կազմն իր աշխատանքը սկսելու է հունվար ամսին` Սենատում դեմոկրատական ավելի փոքր մեծամասնության և Ներկայացուցիչների պալատում հանրապետական նոր մեծամասնության կազմով:
Նախագահ Օբաման հայտնել է, որ Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության վերաբերյալ պայմանագրի վավերացման հավանականությունը «բավականին բարձր է»:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ծրագրերի սահմանափակման վերաբերյալ և ասել, որ Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը նորացվելու կարիք ունի:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրով, որը դեռևս պետք է վավերացվի Սենատի երկու երրորդը կազմող մեծամասնության կողմից, նախատեսվում է կրճատել երկու պետությունների միջուկային զինանոցը մոտ մեկ երրորդով: