Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է Ուկրաինայում լրագրողների և ակտիվիստների դեմ ուղղված հարձակումները


Միացյալ Նահանգները «հատկապես անհանգստացնող» է համարում դեկտեմբերի 25-ին լրագրող Տատյանա Չորնովոլին դաժան ծեծի ենթարկելու հանգամանքը

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն մտահոգություն է արտահայտել Ուկրաինայում ընդդիմության ակտիվիստների դեմ ուղղված «թիրախավորված բռնություններով»:

Արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ասել է, որ Միացյալ Նահանգները «հատկապես անհանգստացնող» է համարում դեկտեմբերի 25-ին լրագրող Տատյանա Չորնովոլին դաժան ծեծի ենթարկելու հանգամանքը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատությունը:

Ուկրաինայի կառավարությանը քննադատող հոդվածների հեղինակ, լրագրող Տատյանա Չորնովոլը, գտնվելով հիվանդանոցում, տեղեկացրել է, որ դեկտեմբերի 25-ին մի խումբ անհայտներ դուրս էին հանել իրեն մեքենայից և ենթարկել դաժան ծեծի, որոնց հետևանքով լրագրողին հասցվել էին ծանր վնասներ և կոտրվածքներ:

Այս միջադեպից հետո Կիևում հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցների ձեռքում որպես կառավարության դաժանության խորհրդանիշ հայտնվել են ծեծի ենթարկված լրագրողի լուսանկարները:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դատապարտել է Տատյանա Չորնովոլի վրա կատարված հարձակումը և հրամայել է անցկացնել հետաքննություն: Ուկրաինայի իշխանությունների համաձայն, մինչ այժմ ձերբակալվել է երկու կասկածյալ:
XS
SM
MD
LG