Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած բռնությունները


«Երկրում չդադարող բռնությունները կդժվարացնեն երկրի անցումը դեպի հարատև կայունություն և ժողովրդավարություն և միանգամայն հակասում են ժամանակավոր կառավարության կողմից ազգային մերձեցում իրականացնելու խոստումներին». ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ

ԱՄՆ-ի Սպիտակ տունը խստորեն դատապարտել է Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կողմից տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները:

Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգում, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցկացնում է իր արձակուրդը, լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սպիտակ տակն խոսնակ Ջոշ Էրնեստն ասել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս զսպվածության կոչ է արել Եգիպտոսի անվտանգության ուժերին:

Սպիտակ տակ խոսնակը, բացի այդ, կրկին հորդորել է հիմնականում իսլամիստական ուղղվածություն ունեցող ցուցարարներին պահպանել բողոքի ցույցերի խաղաղ բնույթը:

Ջոշ Էրնեստի համաձայն, Սպիտակ տունը դեմ է հանդես գալիս Եգիպտոսում ուժգնացած խռովություններին ի պատասխան մեկ ամսով արտակարգ իրավիճակ հայտարարելուն՝ հավելելով, որ երկրում չդադարող բռնությունները կդժվարացնեն երկրի անցումը դեպի հարատև կայունություն և ժողովրդավարություն և միանգամայն հակասում են ժամանակավոր կառավարության կողմից ազգային մերձեցում իրականացնելու խոստումներին:

Եվրոպական պետություններն իրենց հերթին նույնպես հորդորել են Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին և իսլամիստ ընդդիմախոսներին զերծ մնալ բռնությունների սաստկացումից և վերադառնալ քաղաքական երկխոսության:

Այսպես, Եվրամիության խոսնակ Պետեր Ստանոն, հանդես գալով Բրյուսելից, «չափազանց մտահոգիչ» է անվանել Կահիրեից ստացվող հաղորդագրությունները՝ նշելով, որ բռնությունների գործադրման միջոցով անհնար է հասնել որևէ լուծման և հորդորելով բոլոր կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը դատապարտել է Եգիպտոսի իշխանությունների կողմից ցուցարարներին ցրելու համար գործադրված բռնությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսնակը հաղորդել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը խստորեն դատապարտում է Եգիպտոսում իրականացված բռնությունները և ափսոսանք է արտահայտում այն հանգամանքով, որ Եգիպտոսի իշխանությունները նախընտրել են ուժ գործադրել հիմնականում իսլամիստական ուղղվածություն ունեցող ցուցարարների դեմ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սպանդ» է անվանել Եգիպտոսում չորեքշաբթի օրն իրականացված բռնությունները և հորդորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Արաբական պետությունների լիգային անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ այն դադարեցնելու ուղղությամբ:

Եգիպտոսում տեղի ունեցած բռնություններին որպես «սպանդ» անդրադարձել են նաև Իրանի իշխանությունները: Իրանի արտգործնախարարությունը, «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, զգուշացրել է Եգիպտոսին, որ եթե երկիրը չփոխի բռնած ուղին, ապա «Իսրայելն ու աշխարհի ամբարտավան տերությունները կխարխլեն Եգիպտոսի ժողովրդական հեղափոխությունը»:

Իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել Եգիպտոսի զինված ուժերին դադարեցնել ցուցարարների դեմ իրականացվող հարձակումները: Կազմակերպության Եգիպտոսի գծով փորձագետ Ջեֆրի Մոքը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ «չորեքշաբթի օրը տեղի ունեցած բռնությունները վկայում են այն մասին, որ երկրում կրկնվում են չարաշահումների հին օրինակները, որոնք տեղ էին գտնում դեռևս Մուբարաքի վարչակարգի օրոք»:
XS
SM
MD
LG