Մատչելի հղումներ

Չինաստան. «ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը վնաս կհասցնի երկու պետությունների միջև հարաբերություններին»


F-16 մակնիշի կործանիչներ
F-16 մակնիշի կործանիչներ

Չինաստանը չորեքշաբթի օրը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Թայվանի F-16 ռազմական հնացող ինքնաթիռների զինանոցը արդիականացնելուն ուղղված օժանդակություն տրամադրելու մասին Վաշինգտոնի որոշումը կարող է վնաս հասցնել երկու պետությունների միջև դիվանագիտական և ռազմական հարաբերություններին:

ԱՄՆ-ի դեսպան Գերի Լոքը չորեքշաբթի ուշ երեկոյան հրավիրվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ նման գործարքը կարող է լուրջ վնաս հասցնել ռազմական և անվտանգության հարցերի շուրջ երկու պետությունների միջև համագործակցության:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը իր վրդովմունքն է հայտնել և դատապարտել ԱՄՆ-ի կողմից ծրագրվող վաճառքը:

Արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է «պատասխանատվություն ստանձնի իր կողմից ձեռնարկվող գործողությունների համար»:

Թայվանի արտգործնախարար Յանգ Ջինգ-թիենն իր հերթին ողջունել է այս պետությանը զենք վաճառելու գործարքը՝ ասելով, որ Վաշինգտոնի կողմից պահեստամասեր և վերապատրաստում տրամադրելու շուրջ 5,85 միլիարդ դոլար ծավալով գործարքը Թայվանին կտրամադրի անհրաժեշտ ժամանակակից համակարգեր:

Վերլուծաբանների համաձայն, քիչ է հավանական, որ Թայվանին սպառազինության այս վաճառքին Չինաստանն արձագանքի նույնքան խիստ, որքան այն արձագանքել է անցյալ տարի Թայվանին զենքի վաճառքի մեկ այլ գործարքի, որից հետո գրեթե մեկ տարով դադարեցվել էին երկու պետությունների զինված ուժերի միջև բոլոր հարաբերությունները:

XS
SM
MD
LG