Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը քննադատել է Պեկինի տարածաշրջանային քաղաքականությունը


Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է, թե Չինաստանը երբեք անտեղի սադրիչ գործողությունների չի դիմի Ճապոնիայի նկատմամբ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը և Չինաստանի իր գործընկեր Չանգ Վանքուանը կտրուկ հայտարարություններ են փոխանակել երեքշաբթի օրը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարար Հեյգելը քննադատության է ենթարկել Չինաստանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Ճապոնիայի հետ Արևելաչինական ծովում վիճահարույց տարածքի շուրջ օդային պաշտպանության նույնականացման գոտի ստեղծելու մասին կայացված որոշումը:

«Միացյալ Նահանգները հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցի շուրջ: Այն է՝ ցանկացած պետություն ունի օդային պաշտպանության գոտի սահմանելու, սակայն չունի նման գործողությունների միակողմանի՝ առանց համագործակցության և խորհրդակցությունների անցկացման, դիմելու իրավունք», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ նման գործողություններն ավելացնում են լարվածությունը, թյուրիմացությունը, ինչը ի վերջո կարող է բերել վտանգավոր հակամարտության:

Չինաստանի և Ճապոնիայի միջև չի դադարում Արևելաչինական ծովում գտնվող՝ բնական ռեսուրսներով հարուստ երեք անմարդաբնակ կղզիների շուրջ ծավալված տարածքային վեճի պատճառով ձևավորված վեճը:

Արձագանքելով Չաք Հեյգելի քննադատության՝ Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է, թե Չինաստանը երբեք անտեղի սադրիչ գործողությունների չի դիմի Ճապոնիայի նկատմամբ:

Կղզիների, ստորջրյա ժայռերի և ծովային սահմանների շուրջ ձևավորված խնդիրները, ըստ պաշտպանության նախարար Չանգի, «Չինաստանը պատրաստ է լուծել բանակցային եղանակով՝ դրանցում անմիջապես ներգրավված պետությունների հետ»:
XS
SM
MD
LG