Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ստացել է հնարավոր փակմանը պատրաստվելու հրահանգ


Եթե դաշնային կառավարության ֆինանսավորման մասին որոշումը չընդունվի մինչև սեպտեմբերի 30-ը, պետական բազմաթիվ ծառայողներ կուղարկվեն անվճար արձակուրդ

ԱՄՆ-ի Սպիտակ տան բյուջետային վարչությունը դաշնային գործակալություններին հասցեագրված հրահանգ է արձակել, որտեղ ասված է պետական հաստատությունների հնարավոր փակմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին այն դեպքում, եթե դեմոկրատներն ու հանրապետականները չկարողանան մինչև այս ամսվա վերջ համաձայնության հասնել պետական բյուջեի շուրջ:

Այն պարագայում, երբ պահպանողական հանրապետականներն առաջ են քաշում բյուջեի ծախսային մասի նվազեցման անհրաժեշտությունը և փորձում են կրճատել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին օրենքի իրականացմանը տրամադրվող ֆինանսական հատկացումները, հավանական է, որ կողմերը չկարողանան համաձայնության հասնել մինչև հոկտեմբերի 1-ը՝ ֆինանսական հաջորդ տարվա սկիզբը:

Դաշնային գործակալություններին հասցեագրված գրությունում Սպիտակ տան բյուջեի վարչության ղեկավար Սիլվիա Մեթյուս Բերվելը նշում է կատարել պետական մարմինների կողմից տրամադրվող հիմնական ծառայությունների մատակարարումն իրականացնող անձնակազմի պահպանման անհրաժեշտության մասին:

«ԱՄՆ-ի Կոնգրեսը բավարար ժամանակ ունի՝ անխափան ֆինանսավորումն ապահովելու համար: Վարչակազմը պատրաստ է աշխատել Կոնգրեսի հետ պետական կարևորագույն գործառույթների ժամանակավոր ֆինանսավորման ապահովման շուրջ, և ժամանակ հատկացնել Կոնգրեսին՝ 2014 ֆինանսական տարվա բյուջեն ընդունելու համար», - ասել է Բերվելը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան բյուջեի վարչության ղեկավարը սակայն հիշեցրել է, որ, ողջամիտ կառավարման սկզբունքների պահանջներից ելնելով, անհրաժեշտ է պատրաստվել ֆինանսավորման հնարավոր ընդհատման:
XS
SM
MD
LG