Մատչելի հղումներ

Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնի Հունաստանի նոր կառավարության հետ


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կայցելի Աթենք, որտեղ կկայանան առաջին բարձր մակարդակի բանակցությունները ԱՄՆ-ի և Հունաստանի պաշտոնատար անձանց միջև:

Փոխնախագահ Բայդենը հաջորդ երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսի հետ: ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, փոխնախագահը Հունաստանի կառավարությանը կհայտնի ԱՄՆ-ի կառավարության աջակցության մասին՝ Եվրոպական Միության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տնտեսական օգնության ևս մեկ փաթեթ ստանալու նպատակով գործարքի իրականացման հարցում:

Փոխնախագահ Բայդենը հանդիպում կանցկացնի նաև երկրի կոալիցիոն նոր կառավարության կազմմի մեջ մտնող կուսակցությունների առաջնորդների հետ՝ սոցիալիստական կուսակցությունը գլխավորող նախկին վարչապետ Գեորգիոս Պանանդրեուի և պահպանողական կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասի հետ:

ԱՄՆ-ի փոխնախագահը կժամանի Հունաստան ուրբաթ օրը Թուրքիա կայանալիք եռօրյա այցից հետո, որի ընթացքում Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կայցելի Ստամբուլում մեկնարկող գործարար համաժողովը:

Թուրքիայի կառավարության հետ ԱՄՆ-ի փոխնախագահը կքննարկի առևտրային և ներդրումային հնարավորությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև քրդական ահաբեկչության դեմ ուղղված պայքարի հարցում համագործակցության խնդիրները:

XS
SM
MD
LG