ԱՄՆ-ի իրավապահ մարմինները բացահայտել են Հարավային Կալիֆորնիայում իր գործունեությունն իրականացնող և միջազգային բազմաթիվ կապեր ունեցող հայկական մի հանցախումբ։
Իրավապահների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Հայկական ուժ» («Armenian Power») հայտնի հանցախմբի 74 անդամ։
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի մամուլի հաղորդագրությամբ տարածված տեղեկությունների համաձայն, թմրանյութերի անօրինական շրջանառության, մարդկանց առևանգման, ինչպես նաև տեխնիկապես ավելի բարդ հանցագործություններ՝ բանկային մեքենայություններ կատարելու մասին մեղանդրանքներ են ներկայացվել «Հայկական ուժ» հանցախմբի հետ կապեր ունեցող ավելի քան 100 անձանց, որոնցից շատերը դեռևս ազատության մեջ են։
Մեղադրյալները հիմնականում բնակվել են Կալիֆորնիայում, սակայն շատերը գործել են նաև այլ նահանգներում։
Խմբի կազմում գործել են ավագ տարիքի «օրենքով գող» հայտնի հանցագործներ, որոնք օգնել են «Հայկական ուժ»-ի կողմից ԱՄՆ-ում իրականացվող հանցավոր գործողությունները համակարգել Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում գործող հանցախմբերի գործունեության հետ։
ԱՄՆ-ի դատախազ Անդրե Բիրոտեի համաձայն, այս հանցախումբը, ի տարբերություն այլ, այդ թվում նաև իտալական մաֆիայի հանցախմբերի, չունի մեկ ղեկավար։
Անցյալ մի քանի տասնամյակների ընթացքում «Հայկական ուժ» հանցախումբը Արևելյան Հոլիվուդի տարածքում գործող փողոցային ավանդական հանցախմբից վերածվել է տեղական մեքսիկական, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում գործող կազմակերպված քրեական հանցախմբերի հետ կապեր ունեցող հանցախմբի։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի համաձայն, տեխնիկական զարգացվածությունը առանձնացրել է «Հայկական ուժ»-ը տարածաշրջանի բոլոր մյուս հանցախմբերից։
ԱՄՆ-ի դատախազության գնահատականով, հանցախմբի հանցավոր գործունեության զոհ դարձած անձանց հասցվել է տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող վնաս։
Դատախազ Բիրոտեն խոստովանել է, որ հանցախմբի անդամները հաճախ կարողացել են գործել՝ նույնիսկ լինելով բանտարկության մեջ։
ԱՄՆ-ի իշխանությունները չորեքշաբթի օրն իրականացված ձերբակալությունները համարում են այս հանցախմբի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ իրականացված կարևորագույն քայլերից։