Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում


Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին հորդորել է ստեղծել անդամ-պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերի մշտադիտարկման մեխանիզմ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին:

Կոնֆերանսի ընթացքում իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը, այս տարվա մայիսին ստանձնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, իր կարևորագույն գերակայություն է դարձրել այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

«Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը», - Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության փոխանցմամբ ասել է արտգործնախարար Նալբանդյանը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարի, նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում Ադրբեջանի կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը:

«Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «Այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին», - շեշտել է Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու փորձերն արհամարհվել և մերժվել են Ադրբեջանի կողմից:

Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, բացի այդ, հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծել մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը: Այս հայտարարությունն արտգործնախարար Նալբանդյանն արել է՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան:

«Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում», - մատնանշել է արտգործնախարար Նալբանդյանը՝ հավելելով. «Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»:
XS
SM
MD
LG