Մատչելի հղումներ

Աշխարհի երկրների ղեկավարները քննարկում են հազարամյակի նպատակները


Աշխարհի երկրների ղեկավարները մասնակցում են աշխարհում աղքատության, սովի և հիվանդությունների դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովին:

Երկուշաբթի օրը Նյու Յորքում մեկնարկող եռօրյա գագաթաժողովին մասնակցելու են աշխարհի 140 երկրի նախագահներ ու վարչապետեր, որոնք անդրադառնալու են 2000 թվականին նախանշված Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու առաջընթացին:

Նախաձեռնության նպատակը ութ ոլորտներում, ինչպիսիք են` սովի դեմ պայքարը, երեխաների մահացության նվազումը, մայրական առողջության բարելավումը և նախնական կրթության հասանելիության ապահովումը, առաջընթացի գրանցումն է:

Այս տարվա ընթացքում ՄԱԿ-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու, երկրներից շատերում այդ նպատակներից մի քանիսին հնարավոր չի լինելու հասնել:

Տնտեսական ճգնաժամը բացասաբար ազդեց գումարներ հայթայթելու աշխատանքների վրա, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ տնտեսական անորոշությունը «չպետք է դառնա» զարգացման առաջընթացի ձախողման պատճառ:

ՄԱԿ-ի համաձայն, գագաթաժողովի ավարտին մշակվելու է մինչև 2015 թվականը ութ նպատակներից յուրաքանչյուրին հասնելու ծրագիրը:

XS
SM
MD
LG