Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանը զարգացող առաջին երկիրն է, որը հասել է ծայրահեղ աղքատությունը կիսով չափ հաղթահարելու Հազարամյակի զարգացման հիմնական նպատակին:
Այս շաբաթ աշխարհի պետությունների ղեկավարները հանդիպում են անցկացնում Նյու Յորքում` 2000 թվականին զարգացման ութ նպատակներին հասնելու առաջըթնացը քննարկելու համար: Որպես նպատակներին հասնելու վերջնաժամկետ սահմանվել էր 2015 թվականը:
Սակայն Չինաստանում ՄԱԿ-ի համակարգող Ռենատա Դեզալյեն երեքշաբթի օրը նշել է, որ Չինաստանն արդեն իսկ հասել է աղքատության դեմ պայքարի նպատակին: Վիճակագրական տվյալների համաձայն, ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող գյուղական բնակչության թիվը, որը 1990 թվականին կազմում էր 9,6 տոկոս, 2009 թվականին կազմել է 3,8 տոկոս:
Դեզայլեի համաձայն, Չինաստանը հասել է ութ նպատակներից ևս երկուսին` համընդհանուր կրթության ապահովմանը և երեխաների մահացության նվազեցմանը: