Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկություններն արժանահավատ հիմքեր ունեն»


ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրո
ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրո

«Խիղճը ցնցող հանցագործություններն առօրյա իրականություն են դարձել». ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրո

Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի համաձայն, առկա են «արժանահավատ հիմքեր» այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել:

ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրոն, զեկույցը ներկայացնելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, շեշտել է, որ երկրում արդեն երկու տարի շարունակվող հակամարտությունն արդեն իսկ դարձել է բազմաթիվ զոհերի պատճառը:

«Խիղճը ցնցող հանցագործություններն առօրյա իրականություն են դարձել: Այս պատերազմին զոհ է գնացել մարդասիրությունը: Սիրիային պետք չէ ռազմական միջամտություն, Սիրիային անհրաժեշտ է դիվանագիտական միջամտություն: Մենք չենք կարող շարունակել հանգիստ նայել ծավալվող արհավիրքին», - ասել է Պինեյրոն:

Հանձնաժողովի զեկույցի համաձայն, որոշելու համար, թե քիմիական ինչպիսի նյութ է օգտագործվել Սիրիայում կամ ով է օգտագործել այն, բավարար ապացույցներ չկան, և նման եզրակացություն անելու համար անհրաժեշտ է փորձարկել հնարավոր չորս հարձակումների ենթադրյալ զոհերի արյունը և հավաքել այլ նմուշներ:

Զեկույցը հորդորում է Սիրիայի կառավարությանը թույլատրել ՄԱԿ-ի քննիչների մուտքը երկիր՝ քիմիական զենքի կիրառման դեպքերի մասին հաղորդումները հետաքննելու համար: Սիրիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, թե քննիչները կկարողանան այցելել հնարավոր հարձակումների տեղանքներից միայն մեկը:

ՄԱԿ-ի հանձնաժողովն իր երեքշաբթի հրապարակած զեկույցում զգուշացրել է նաև, որ չդադարող հակամարտության կողմերին սպառազինության նոր առաքումները կավելացնեն մարդու իրավունքների խախտումների վտանգը: ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահի համաձայն, վերջին երկու տարիները վկայում են այն մասին, որ հակամարտության ակտիվացումը «ավերիչ հետևանքներ կունենա խաղաղ բնակչության համար»:
XS
SM
MD
LG