Մատչելի հղումներ

ՄԱԿ. 301 միլիոն դոլար է անհրաժեշտ` Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնություն տրամադրելու համար


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարածաշրջան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրն ուղարկելու որոշում կայացնելու մասին

ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով տրամադրել 301 միլիոն դոլար Ֆիլիպիններում «Հայյան» ուժգին թայֆունի հարվածից տուժածներին օգնություն տրամադրելու համար:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը դիմել է տարածաշրջան այցով ժամանած մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վարելի Ամոսը, որը գովասանքի խոսքեր է ուղղել միջազգային հանրության կողմից տրամադրվող օժանդակության՝ նշելով սակայն, որ պետք է անել ավելին:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, թայֆունի հետևանքով տեղահանվել է մոտ 660 հազար մարդ: Տարբեր գնահատականներով, «Հայյան» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել 10 հազարի:

Պատմության մեջ գրանցված ամենաուժգին փոթորկի հարվածից չորս օր անց տուժած տարածքների բնակիչներից շատերի համար դեռևս անհասանելի են մնում սնունդը, խմելու ջուրն ու բուժօգնությունը: Փրկարարները դեռևս չեն հասել դժվարանցանելի տարածքներ, իսկ թայֆունի հարվածից ամենաշատը ուժած Թաքլոբան քաղաքում գրանցվել են բազմաթիվ կողոպուտներ: Հաղորդագրությունների համաձայն, քաղաքի փողոցներից չեն հավաքվել թայֆունի հետևանքով զոհվածների դիակները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել տարածաշրջան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրն ուղարկելու որոշում կայացնելու մասին հայտարարությամբ: Սպասվում է, որ ավիակիրը, որի վրա գտնվում է 5 հազար նավաստի և 80 օդանավ, Ֆիլիպիններ կհասնի երկու օրից:

Ֆիլիպինների իշխանություններին մարդասիրական օգնության տրամադրման գործում արդեն իսկ օժանդակում է ԱՄՆ-ի մոտ 200 զինծառայող:
XS
SM
MD
LG