Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայից փախստականների թիվը գերազանցել է 250 հազարը»


ՄԱԿ-ի ՓԳՀ. «Հորդանանում 27 հազար սիրիացիներին ապաստան տրամադրած փախստականների ճամբարում տիրում է անընդունելի իրավիճակ»

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայից փախուստի դիմած անձանց թիվը գերազանցել է 250 հազարը: Կազմակերպությունը հակամարտության պատճառով առաջացած մարդասիրական խնդիրներն անվանել է «մեր ժամանակի ամենամեծ ճգնաժամը»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը երեքշաբթի օրը հայտնել է, որ Հորդանանում գրանցված փախստականների թիվը գերազանցել է 85 հազարը, Թուրքիայում է գտնվում ավելի քան 78 հազար փախստական, 67 հազար մարդ փախուստի է դիմել Լիբանան, իսկ 22,5 հազար փախստական գրանցվել է Իրաքում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Սիբելա Ուիլքիսը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ ամեն օր փախստականների թիվն «ավելանում է առնվազն մի քանի հազարով»: Նրա համաձայն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայիս երկու առաջնահերթություններն են Սիրիայի հետ հարևան պետությունների կողմից սահմանները բաց պահելն է, ինչպես նաև միջազգային հանրության օգնության «զգալի աճը», որն անհրաժեշտ է՝ փախստականների արդյունավետ տեղավորումն ապահովելու համար:

Ուիլկիսի համաձայն, Հորդանանում 27 հազար սիրիացիներին ապաստան տրամադրած փախստականների ճամբարում տիրում է «անընդունելի իրավիճակ»: Նա զգուշացրել է, որ փախստականների իրավիճակը շուտով կարող է վատթարանալ՝ տարվա ցուրտ ժամանակի մոտենալուն պատճառով:

Հորդանանի «Զաաթարի» փախստականների ճամբար է այցելություն կատարել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ հանձնակատար, դերասանուհի Անջելինա Ջոլին, որի հետ միասին ճամբարն այցելել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ու Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը:

Սիրիայի ակտիվիստները երեքշաբթի օրը հայտնել են Հալեպ քաղաքում երկրի զինված ուժերի կողմից իրականացված զանգվածային գրոհի մասին, որը նպատակ է հետապնդել դադարեցնելու ապստամբների առաջխաղացումը: Ըստ հաղորդագրությունների, զոհերի պատճառը դարձած բախումներ տեղի են ունեցել նաև Սիրիայի այլ շրջաններում:
XS
SM
MD
LG