Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը և իրավապաշտպան կազմակերպությունները նշում են Մամուլի ազատության օրը


Մամուլի ազատության օրն այսօր նշող Միավորված ազգերի կազմակերպության ու իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Արաբական գարունը նպաստել է որոշ կառավարությունների կողմից լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշման թուլացման, սակայն բազմաթիվ երկրներում լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները չեն դադարում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավար Իրինա Բոկովայի համատեղ հայտարարության մեջ ասված է, որ արաբական աշխարհում տեղ գտած փոփոխությունները վկայում են «հին և նոր լրատվամիջոցների աջակցությամբ իրավունքներ ձեռք բերելու ձգտումների հզորացման մասին»:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Մամուլի ազատության օրը նշել է՝ դատապարտելով լրատվության մատակարարների նկատմամբ իրականացված հարձակումները: Կազմակերպության համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և Սոմալիում գործող մահմեդական զինյալներն ամենամեծ հանցագործություններն են գործել մամուլի ազատության դեմ:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված «Ամենախիստ գրախոսություն իրականացնող տասը երկրներ» զեկույցում, որպես մամուլի ամենախիստ գրախոսություն իրականացնող երկրներ նշվել են Իրանն ու Սիրիան, սակայն երկրների ցանկը գլխավորում է Էրիթրեան, քանի որ այս պետությունում գործունեություն կարող են իրականացնել միայն կառավարության կողմից խիստ վերահսկվող լրատվամիջոցները:

«Freedom House»-ի «Մամուլի ազատությունն աշխարհում 2011 թվականին» վերջերս հրապարակված ամենամյա զեկույցի համաձայն, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում նշանակալի առաջընթաց է գրանցվել 2011 թվականին, սակայն, չնայած առաջընթացի, այս տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհում ամենավատ արդյունքներն ունեցողը: «Լիբիան, Թունիսն ու Եգիպտոսը ոչ ազատ երկրների շարքից տեղափոխվել են մասամբ ազատ երկրների ցանկ: Բահրեյնն ու Սիրիան գրանցել են հետընթաց մամուլի ազատության ոլորտում՝ բողոքի շարժման մասնակիցների նկատմամբ գործադրվող բռնությունների պատճառով, իսկ Իրանում առկա են չափազանց մեծ թվով սահմանափակումներ և ազատազրկման մեջ են գտնվում մեկ տասնյակից ավելի լրագրողներ», - ասված է զեկույցում:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանի ցուցանիշները չեն փոխվել: Ինչպես նախորդ զեկույցում, Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը կազմել է 65 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 149-րդ տեղը:

Մամուլի ազատության օրը սահմանվել է 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ աշխարհում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը գնահատելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

XS
SM
MD
LG